SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ինչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Շատերի համար ոչինչ չասող այս հրամանագրի տակ բավական վտանգավոր պրոցեսներ են թաքնված։ Արցախի նախագահին մոտ կանգնած իմ աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանը բավական երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկումների և բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին անգամ Արայիկ Հարությունյանն է խոսել՝ ադրբեջանցիների հետ կապը ներկայացնելով որպես արցախահայերի շահերի պաշտպանություն։
Այդ բանակցություններում ադրբեջանական կողմը երաշխավորել է Արայիկ Հարությունյանի անձնական շահերի պաշտպանությունը, եթե նա գործի ըստ պայմանավորվածության։ Իսկ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հայրենասիրական կենացների և ազգային համախմբման անվան տակ քանդելու են պատերազմից հետո մնացած Արցախի պետականության վերջին փշուրները։
Ըստ այդ բանակցություններում հաստատված պլանի՝ սպասվող քայլերը հետևյալն են.
1․ Ստեղծվելիք Հանրային խորհրդին Արայիկ Հարությունյանը փորձելու է պատվիրակել լիազորորություններ, որոնք հատուկ են Ազգային Ժողովին։ Խորհրդի վերջանական ձևավորումից հետո Արցախի Ազգային Ժողովի աշխատանքը դառնալու է լուսանցքային կամ ընդհանրապես կդադարի գործել։
2․ Նույն ժամանակ Արայիկ Հարությունյանը պետնախարար է նշանակելու գործարար Ռուբեն Վարդանյանին։ Նա լինելու է պլանը վերջնական նպատակին հասցնող հիմնական գործիքը։ Այս պահին դժվար է վստահ ասել, որ Ռուբեն Վարդանյանը հստակ գիտակցում է, թե ինչ խաղի մեջ է իրեն ներքաշում Արայիկ Հարությունյանը։
3․ Ժողովրդական միլիցիա ստեղծելու անվան տակ Արայիկ Հարությունյանը վերջնականապես քանդելու է առանց այն էլ իր կարողությունների մեծ մասը կորցրած Արցախի բանակը։ Արցախից դուրս են հանվելու բանակային հատուկ զինատեսակները, այդ թվում՝ հրետանին և զրահամեքենաները։ Արցախի ամբողջ պաշտպանությունը մնալու է մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար ոստիկանների վրա, որոնք զինված են լինելու՝ լավագույն դեպքում ինքանձիգով։
4․ Պետական ինսիտուտների վերջնական ապամոնտաժումից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարելու է, որ պահում է պատերազմից հետո տրված իր խոստումը՝ հրաժարական է տալու։ Այս հրաժարականից հետո պարալիզացված ԱԺ-ի ֆոնին Արցախը այլևս չի ունենալու ընտրված իշխանություն, և պատերազմական ծանր վիճակում գտնվող պետության միակ պաշտոնյան լինելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Արցախի նախագահական աշխատակազմի իմ աղբյուրը վստահեցնում է, որ ռուսները կամ տեղյակ չեն Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների պլաններից, կամ մասնակի են տեղյակ և չեն պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է գնալ նման դավաճանության։ Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը։
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ երբ արցախցի աղբյուրիս հետ քննարկում էինք այս զարգացումները, լրատվականները տարածեցին Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի հայտարարությունը, որով նա բոլորին հոկտեմբերի 5-ին հրավիրում էր Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բաբայանն էլ, կարծես, հնարավոր զարգացումների հոտն առել է ու կամ փորձում է Արայիկ Հարությունյանի հետ գնալ նոր նյութական պայմանավորվածության, որի դիմաց նա աչք կփակի կատարվողի վրա, կամ ցանկանում է պահից օգտվել և ինքը զբաղեցնել Ռուբեն Վարդանյանի տեղը՝ այդպիսով դառնալով Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների գործընկերն Արցախի պետականության տապալման գործում։