Տարածաշրջանում չկա մի երկիր, որ ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց այն երեք հիմնական ռազմավարական ուղղությունները, որով պետք է Հայաստանը շարժվի։
Նրա խոսքով. «Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն ու կայնություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները ու կրթության ոլորտում մեզ պետք են խոշոր պետական ներդրումներ, երրորդը՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումները։ Այս երեք օրակարգային առաջնահերությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրը այս համաշխարհային փոթորիկի մեջ»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհն այսօր բոլորի աչքի առաջ փլուզվում է ու սրանում, ըստ նրա, ոչ մի չափազանցություն չկա. «Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն»։