Որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայանը՝ երևանյան հանդիպումների արդյունքների մասին
Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են եղել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, վաղը նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել են նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասել է Բաբայանը։
Խոսելով Պրահայի քառակողմ հանդիպման և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարության մասին՝ Բաբայանը վստահեցրել է, որ այս հանդիպումների ընթացքում եղել են պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
«Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։
Բաբայանի խոսքով՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը հանգեցնելու է կամ արյունահեղության, կամ Արցախի հայաթափման։