Նիկոլ Փաշինյան․ ավելին, քան Սահակաշվիլին և Զելենսկուց «5 պակաս»
Արևմուտքը 2–րդ ճակատն է ուզում բացել Ռուսաստանի դեմ։ Փորձեցին դա անել Վրաստանով, չստացվեց։ Վրացիները դեռևս 2008–ին են հասկացել, թե ինչն ինչոց է և ինչ արժեք ունի Արևմուտքի տված անվտանգության երաշխիքը։ «Ոսկե միլիարդից» դուրս այդ երաշխիքը գեղեցիկ փաթեթավորված փուչիկ է։
Սահակաշվիլին այնքան էր ոգևորվել ԱՄՆ նախկին նախագահ Բուշի այցից, որ Թբիլիսիից դեպի օդանավակայան տանող ճանապարհը դարձրել էր Բուշի անունով։
Սահակաշվիլին ոգևորվեց, հարձակվեց Հարավային Օսիայի վրա, Ռուսաստանից հարված ստացավ, հայացքն ուղղեց դեպի Արևմուտք ու հասկացավ, որ պետք է ուտի սեփական փողկապը։
Սահակաշվիլուն վռնդած Իվանիշվիլու իշխանությունը հետևություններ է արել այդ ամենից ու չի մտնում հակառուսական խաղերի մեջ։ Արևմուտքը Իվանիշվիլու դեմ սանկցիաներ է կիրառել այն բանի համար, որ Վրաստանի իշխանությունը չի համաձայնել վրացիներին ուկրաինացիների պես դարձնել թնդանոթի միս, իսկ Վրաստանը՝ աշխարհաքաղաքական մանրադրամ։
Արևմուտքը 2–րդ ճակատի բացման փորձն ուզում է անել Թուրքիայով ու Ադրբեջանով, բայց կրկին չի ստացվում։
Մեր թշնամի երկրները ձգտում են օգտվել Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունից, ու դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։ Թուրքիան ու Ադրբեջանն այնպիսի դիրք են բռնել, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մրցակցություն է սկսել՝ դրանց իրենց կողմը քաշելու համար։ Արդյունքում՝ Թուրքիան աննախադեպ «ջոկերի» ֆունկցիա է ստացել, իսկ Ադրբեջանը կարողանում է ԵՄ–ի համար գազը դարձնել հայկական արյունից ծանր։
Մեզ համար ողբերգությունն այն է, որ Արևմուտքին ի վերջո հաջողվել է 2–րդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Այդ ճակատի դրոշակակիրը Նիկոլ Փաշինյանն է։ Նա 2018–ից հետո սահակաշվիլիություն էր անում Ռուսաստանի դեմ՝ Արցախին մենակ թողնելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ։
Նիկոլի ներկայիս հակառուսական քաղաքականությունը գերազանցում է Սահակաշվիլու արածները։ Նա ավելին է, քան Սահակաշվիլին։ Նիկոլն Ուկրաինայի նախագահ Զելենսկուց «5 պակաս» վիճակում է, քանզի Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ։
Երբ Փելոսին Հայաստանը դնում է Ուկրաինայի, Թայվանի հետ նույն շարքում, պետք չէ հորթային հրճվանք ապրել։ Երբ Մակրոնը, «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով, Ռուսաստանին հռչակում է Հայաստանի թշնամի և հիշում ֆրանսիական նավերի մասին, պետք չէ ուրախությունից թռչկոտել։ Չիշտ հակառակը՝ պետք է օր առաջ հակառուսական հիստերիայի դեմն առնել, իջնել զոհասեղանի վրայից, փոխել Հայաստանի դեմքը, որին չեն վստահում Ռուսաստանում և չեն հարգում Արևմուտքում։
Նիկոլը մի վիճակի է հասցրել Հայաստանը, որին Մոսկվայում համարում են «դիշովկա», իսկ Վաշինգտոնում՝ տաշեղ, որը կարող է թռչել, երբ մեր տարածարջանում հատվի ռուսական անտառը։
Երբ Ռուսաստանից Հայաստանի թեմայով պատասխան հայհոյանքներ են հնչում Մակրոնի հասցեին, պետք է հասկանալ, որ մենք Նիկոլ Փաշինյանի օգնությամբ դարձել ենք 2–րդ ճակատ Ռուսաստան–Արևմուտք հակամարտության մեջ։ Եվ դա այն դեպքում, երբ Արցախում հայերի կյանքի իրավունքն ապահովում են ռուսական խաղաղապահները, իսկ հայ–թուրքական սահմանին ռուսական ռազմաբազան է։
Հայաստանը հիմա դեռ գոյություն ունի 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստան, Իրան։ Ռուսական գործոնը Նիկոլ Փաշինյանի միջոցով զրոյացվում է։ Իրանականն էլ զրոյացման մեկնարկի փուլում է, քանզի այս իշխանություններն արևմտյան ուժերին ուզում են բերել Իրանի սահմանին դիտորդություն անելու։
Եթե 2018–ից խոսում էինք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակն իջնելու մասին, ապա այժմ դրանք պարզապես թշնամական են դարձել։ Իսկ դա շատ վատ հետևանքներ է ունենալու։ Ռուսներն օգնելուց ժլատ են, բայց պատժելուց՝ առատաձեռն։
Հ․Գ․։ Չես կարող մեղադրել Արևմուտքին՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Արևմուտքը մեր բարեկամն է, բայց Ռուսաստանի թշնամին։ Մեր քաղաքականությունն այս պայմաններում պետք է լինի հզորների բախման արանքում չհայտնվելը, մինչդեռ Նիկոլը Հայաստանում 2–րդ ճակատ է բացել ՌԴ–ի դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը նման բան նույնիսկ երազներում չէին տեսնի։ Բայց հիմա տեսնում են իրականության մեջ։
Կարծում եմ Նիկոլի նկարը Թուրքիայում պետք է կախեն Աթաթուրքի, իսկ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի նկարների կողքը։ Նա ոչ պակաս օգուտ է տալիս այդ երկրներին, քան վերը նշված գործիչները։ Սա ամենայն լրջությամբ եմ ասում։