Խոսքը չի վերաբերում միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը. «Մեր նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում»:

Կարծես, Ադրբեջանին օգնողները «հերթ են կանգնել». ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Ռուսաստան… Դե, իսկ Հայաստա՜նը, Հայաստանը…

Թվում է, թե նման ուղերձներով, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կնքումով, նախատինք պարունակող ուղերձ է հղվում Թուրքիային, թե ինչու 1915 թվականին վերջնականապես չլուծվեց «հայկական հարցը»: Դե ուրեմն, հիմա հարմար առիթ է՝ գործը մինչև վերջ հասցնելու համար: Մարդկության պատմության արխիվներում հազիվ թե գտնվի մեկ այլ ժողովրդի «հարցի» վերաբերյալ փաստաթուղթ: Գուցե մենք՝ հայերս ճիշտ պատկերացում չունենք մեր մասին, չենք գիտակցում, թե համայն մարդկության համար ինչ սպառնալիք ենք հանդիսանում: 

Խնդիրն ավելի բազմաշերտ է, քան մենք պատկերացնում ենք: Ասում են՝ միջանցք տվեք (իմա՝ հրաժարվեք ձեր տարածքի մի մասից), որպեսզի Ադրբեջանի երկու մասերը միավորվեն: Անիմաստ է վիճարկել, թե այդ շինծու քոչվորական պետական կազմավորումը երբվանից է երկու մասից բաղկացած եղել: 

Մի խոսքով, մենք արդեն հոգնել ենք ոչ թե պայքարելուց, այլ ձեր նման թյուրիմացությունների հետ հաղորդակցվելուց, ձեր նմանների հայտարարությունները լսելուց: Հաջորդ քայլն այն է, որ ազերի բաշիբոզուկներին զինեք՝ ուկրաինացիների նման ու նրանք մի քանի ժամում լուծեն հայկական հարցը: 

Մի խոսքով, մեզ օգնել պետք չէ, մեզ պետք չէ խանգարել, որ ապրենք մեր պատմական հայրենիքում, մեծարգո փրայսներ, էրդողաններ, ֆոնդերլյայեններ, բորելներ…

Գագիկ Վարդանյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն