Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն ցանկությունները։

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնում եք աշխարհաքաղաքական բարդ գործընթացների և Ձեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների պայմաններում, երբ քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն խոհեմություն ու շրջահայացություն ստեղծված մարտահրավերները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ Դուք Միացյալ Թագավորությունը կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով։

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է մեր երկրների միջև չիրացված ներուժի վերհանման և համագործակցության նոր ուղղությունների ուրվագծման համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա:

Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։   

Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն