Համապարփակ և տևական խաղաղության հաստատում` համաձայն ծրագրում հաստատված սկզբունքների. սա 2021-26 թթ համար «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության ծրագրի նախագծում միջնաժամկետ իրականացվելիք 3 հիմնական անելիքներից առաջնային է։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Երկրորդ` բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորում` համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» պետական օրենքի։ Երրորդ` պրոֆեսիոնալ և մարտունակ բանակի ստեղծում` համաձայն կառավարության 2021-26 թվականների ծրագրերի»,–ասել է Փաշինյանը։

Իսկ խաղաղության հասնելու համար պետք է իրականացվեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի բոլոր դրույթները, և որոշակի հանգրվանի հասցվի ԼՂ խնդիրը։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Որպես կարգավորման գործընթացի շարունակություն՝ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք հանդիպել են Մոսկվայում։ Այնտեղ ստորագրվել է նոր համատեղ հայտարարություն, որը, մասնավորապես, նախատեսում է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու՝ այդ և այլ խնդիրների լուծման համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն