Սոչիում հոկտեմբերի 31–ին տեղի ունենալիք Պուտին–Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ՔՊ–ի համագումարում Նիկոլի հնչեցրած խոսքը ծրագրային էր, գաղափարական և ինչպես միշտ՝ ստի, մանիպուլյացիաների, դեմագոգիայի մեծ դոզայով։

1․ Ուշադրությո՛ւն դարձրեք․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զրո արձագանք տվեցին Աստանայում հնչեցրած Ալիևի խոսքին։ Ո՛չ Աստանայում, ո՛չ հետո Փաշինյանը չասաց, թե Ալիևը ստում է, նման բան չկա։

Հիշեցնեմ, որ Ալիևն Աստանայում ասել էր, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը Պրահայում համաձայնել են իր հետ, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Բաքուն ղարաբաղցիների հետ կվարվի իր ներքին օրենսդրության համաձայն։

Ալիևին չարձագանքեցին, սակայն արձագանքեցին Պուտինին, ով ասաց այն, ինչ ասել էր Ալիևն Աստանայում։ Պուտինն ասաց, որ եթե ՀՀ իշխանությունները համաձայնել են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա դա նրանց ու հայ ժողովրդի գործն է։

Ալիևի ասածները տեղավորվում էին հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան մոդելի մեջ։

Հիմա Փաշինյանը, ՔՊ–ականներն ու նրանց կից մանկլավիկները հայտարարում են, թե, իբր, չկա Վաշինգտոնյան փաստաթուղթ և իրենք համաձայն են մոսկովյան առաջարկներին։

2. Սեփական իշխանության համար դողացող, որևէ մեկին չվստահող Նիկոլ Փաշինյանը վերջ տվեց ձևականություններին ու դարձավ ՔՊ վարչության նախագահ։ Եվ ահա կուսղեկավարն ասում է, որ ինքը կողմ է մոսկովյան առաջարկներին և հուսով է, որ դրանք կպաշտպանվեն Պուտինի կողմից։

Նիկոլը բլեֆ է անում։ Եթե ինքը կողմ է մոսկովյան տարբերակին (որն, ի դեպ, արևմտյանից լավն է, բայց մեր, մեղմ ասած, երազանքների փաստաթուղթը չէ), ապա ինչո՞ւ չի հայտարարում, որ դեմ է Վաշինգտոնյանին։ ՔՊ համագումարում նա, մոսկովյանին կողմ լինելով, կողմ արտահայտվեց նաև արևմտյանին։

Փաստորեն, ստացվում է, որ ոչ թե Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիվ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիև–Փաշինյան զույգի դեմ, այսինքն՝ մենակ է լինելու։

3. Վաշինգտոնյան ու մոսկովյան տարբերակների էական տարբերությունն այն է, որ առաջին տարբերակով Ղարաբաղի հարցը վերջնականապես փակվում է՝ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը ավտոմատ կերպով բերելու է ռուս խաղաղապահների դուրս բերմանը, ինչին էլ ձգտում է Արևմուտքը՝ առանձնապես չմտահոգվելով, թե ինչ կլինի դրանից հետո Հայաստանի ու Արցախի հետ։

Մոսկովյան տարբերում արձանագրվում է, որ կա Ղարաբաղյան խնդիր, բայց խնդրի լուծման համար հիմա լավ ժամանակներ չեն ու պետք է այն թողնել հետագային։ Այսինքն՝ Մոսկվան կողմ է ներկա ստատուս քվոյի պահպանմանը, քանզի այդ դեպքում միայն կարող է պահել իր զորքերն Արցախում, ինչը մեր շահերից է բխում։

4. Փաշինյանը ղարաբաղցիների աչքին մի փոքր ռեաբիլիտացվելու համար հայտարարում է, որ կողմ է Արցախում ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգմանը։ Ասում է՝ ես այդ առաջարկը Սոչիում կանեմ, եթե Ռուսաստանը պաշտպանի այդ առաջարկը, ապա մենք մեծամասնություն կլինենք։

Նիկոլը շատ լավ գիտի, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ինքը համաձայնել է այն կետին, ըստ որի՝ ռուս խաղաղապահների մանդատը 5 տարով է, և եթե կողմերից որևէ մեկն այդ ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հայտարարի, որ դեմ են խաղաղապահ մանդատի երկարաձգմանը, ապա խաղաղապահները պետք է լքեն տարածքը։

Ալիևը չի էլ թաքցնում, որ սպասում է ժամկետի մոտենալուն, որպեսզի հեռացնի խաղաղապահներին։ Նիկոլ Փաշինանը, համաձայնելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, միացել է Ալիևի ցանկությանը։ Այնպես որ թող ձևեր չթափի, թե բա՝ կողմ եմ, որ 20 տարի մնան խաղաղապահները։ Դա նրա հետագա «կռուտիտների» համար է արվում։

5. «Ես պատրաստ եմ ստորագրել»։ ՔՊ համագումարում Նիկոլն այս նախադասությունն օգտագործեց մի քանի անգամ։

Խնդիրն այն է, որ նա պատրաստ է ստորագրել ամեն ինչ՝ վաշինգտոնյանը, մոսկովյանը։ Ինքը պատրաստ է ամեն ինչ ստորագրել, միայն թե անձնական երաշխիքներ ստանա։ Արևմուտքում նրան հակառուսական քաղաքականությանը միանալու համար անձնական երաշխիքներ տալիս են։ Դրա համար էլ Փաշինյանը հոգով ու մարմնով վաշինգտոնյանի հետ է, բայց համ էլ վախից կողմ է արտահայտվում մոսկովյանին՝ շատ լավ իմանալով, որ Ալիևը դրան չի համաձայնելու, քանզի իրենք երկուսով համաձայնել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։

Պուտինի ցանկացած խոսքին Սոչիում Ալիևը հակադարձելու է Փաշինյանի հայտարարություններով, նրա տված խոստումներով ու արված հակահայկական ձևակերպումներով։

Փաշինյանի գոյությունը ՀՀ իշխանության ղեկին Ալիևի համար Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու միակ երաշխիքն է։ Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն այդ երաշխիքին ատամներով են պահում ՀՀ վարչապետի աթոռին։

6. Եվ ամենակարևորի մասին։

Նիկոլ Փաշինյանը դեմոգոգիայով էր զբաղված։ Ասում է՝ ես ՀՀ անկախության հռչակագիրն էի ուզում պաշտպանել, բայց նախկիններն այնքան ծանր բեռ էին գցել «գրպանս», որ տակից չկարողացա դուրս գալ, բայց դե հիմա արդեն պետք է հրաժարվել այդ հռչակագրից ու պետության նոր նախագիծ առաջարկել։

Նրա ու իր թիմակիցների ամբողջ խոսքի կոնտեքստից ելնելով՝ կարող ենք ասել, որ Նիկոլի պատկերացրած նոր պետությունն առանց Ղարաբաղի է, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման է, առանց հայ–ռուսական հարաբերությունների է, առանց պատմական հիշողության է։ Այլ կերպ ասած՝ առանց պատմական կարծրատիպերի է։ Մանկուրտային է։ Այնպես, ինչպես Ջոն Բոլթոնն էր հրահանգել։

Նիկոլը ՔՊ–ի համագումարում «հիմնավորում» էր, որ մեր բոլոր զոհերը հանուն ոչնչի են եղել ու պետք է թաղել հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը։ Ի դեպ, նրա կինը հենց դա էր քարոզում։ Աննա Հակոբյանը ՔՊ–ում հնչեցվելիք Նիկոլի խոսքից առաջ անոնս արեց «նոր պետության» հայեցակարգը՝ թաղել մեռելին։ Իրենց պատկերացրած մեռելները՝ Հայաստանն ու Արցախն են։

Ավելի բաց տեքստով նմանատիպ հակահայկական ծրագիր հնչել է միայն դոկտոր Նազիմի շուրթերից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն