Հայաստանը հորդորում է Ռուսաստանին չհրաժարվել իր առաջարկներից․ Փաշինյանը Սոչի էր գնացել հստակ կետերով
Երևանի ժամանակով ժամը16-ի մոտ Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումը ։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը դեռ առավոտյան էին մեկնել Սոչի, որտեղ նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից առաջ ռուսական կողմը հույս էր հայտնել, որ եռակողմ հանդիպումը կօգնի խաղաղության պայմանագրի կնքման հարցում քայլ առաջ անել։ Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպումներում նախատեսվում է քննարկել նախկինում ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը, տրանսպորտային հաղորդակցությունների վերականագնման ու զարգացման հարցերը։
Հայաստանի վարչապետի Սոչի հասնելուց մոտավորապես 5 ժամ հետո կայացավ Փաշինյան-Պուտին առանձնազրույցը։ Ներածական խոսքում կողմերը նախանշեցին եռակողմ հանդիպման ակնկալիքները և օրակարգը։ Պուտինը խոսեց առանցքային հարցերի շուրջ համաձայնության և հաջողության հասնելու ակնկալիքների մասին, որոնք թույլ կտան առաջ շարժվել։ ՌԴ նախագահի համար ակհայտ է հայկական կողմի քաղաքական կամքը՝ տասնամյակներ տևող հակամարտությունը լուծելու հարցում, ինչին, ըստ Պուտինի՝ Մոսկվան աջակցում է։
ՀՀ վարչապետի նախանշած օրակարգը ավելի առարկայական էր և թիրախային։ Փաշինյանը Սոչի գնացել էր հստակ ձևակերպումներով, որոնք թվարկեց․
• խաղաղության օրակարգ, որը հիմնված կլինի Ռուսաստանի առաջարկների վրա՝ այդ թվում արցախյան հարցի կարգավորման նրբություններով,
• Պուտինի կողմից ռուսական առաջարկները պնդելու անհրաժեշտություն,
• Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական ԶՈՒ դուրսբերում,
• Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ հստակ դիրքորոշում և քաղաքական գնահատական,
• Ապաշրջափակվող ճանապարհների սուվերենության պահպանում և տվյալ պետության օրենքների կիրառում,
• Հայ գերիների և Ադրբեջանում պահովող այլ անձանց հայրենադարձում։
Սոչի մեկնելուց ժամեր առաջ Փաշինյանը Հայաստանում հայտարարեց, որ պատրաստ է եռակողմ հանդիպմանը ստորագրել ռուսական 15 կետանոց առաջարկների փաթեթը, որի հիման վրա կմշակվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իր այս պատրաստակամությունը Փաշինյանը հաստատեց նաև Սոչիում․
«Հույս ունեմ, որ կաջակցեք առաջարկին՝ եռակողմ հանդիպման ավարտին նախատեսվող հավանական հայտարարության մեջ հղում տալ այդ փաստաթղթին։ հայաստանը առաջարկել է դա, բայց դեռ չկա հաստատում, որ ռուսական կողմը ընդունում է այդ առաջարկը»։
Փազլ խաղի նման է վերջին օրերին հավաքվում ընդհանուր պատկերը, թե ինչ էին Սոչիից առաջ իրար հասկացնում կողմերը։ Տարբեր հայտարարություններն արդեն հաստատել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գոյություն ունեցող առաջարկներից ռուսականը բաղկացած է 15 կետից։ Դրանցից առայժմ գաղտնզերծվել է 2-ը։ Մեկը առնչվում է խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում։ Հայկական կողմը համաձայնել է առանց պայմանների 10-20 տարի ժամկետով երկարաձգել նրանց ներկայությունը, եթե դա ցանկանա Ռուսաստանը։ Միայն այդ դեպքում ձայների մեծամասնությունը կապահովվի եռակողմ ձևաչափում։
Երկրորդ՝ ամենասկզբունքային կետի գաղտնազերծումը տեղի ունեցավ շատ ավելի ուշ։ Նախ՝ ռուսական կառավարող շրջանակներին մոտ «Милитарист» տելեգրամյան ալիքը կիրակի երեկոյան տարածեց, որ Մոսկվան պատրաստվում է Բաքվի և Երևանի հետ 15 կետանոց նոր հայտարարություն ստորագրել, որի վերջին կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին։ Ըստ նույն աղբյուրի՝ Բաքուն կտրուկ դեմ է այդ նախաձեռնությանը։ Այս լուրից է պարզ դառնում, թե ինչու է հայկական կողմը Սոչի մեկնելուց առաջ մի քանի անգամ և արդեն Սոչիում շեշտում, որ հենց Ռուսաստանը պետք է պաշտպանի իր առաջարկները։
Այն պահին, երբ երեք երկրների ղեկավարները արդեն Սոչիում էին, Հայաստանում Աժ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը փակագծերն ավելի բացեց և հաստատեց՝ սկզբունքայնությունը կապված է կոնկրետ կետի հետ, որն առնչվում է Արցախին․
«Կա այն առաջարկը, որի մասին խոսեց ՌԴ նախագահը և մենք շատ վաղուց ասել ենք, որ մեզ համար ընդունելի են։ Խիստ կասկածում ենք, որ այդ առաջարկությունները ընդունելի կլինեն Ադրբեջանի համար և շատ ենք ուզում, որ Ռուսաստանը հենց այդ առաջարկը, որին մենք համաձայնել ենք «տեր կանգնի», այլ ոչ թե հետագայում՝ դե լավ, եկեք էս մի բանը փոխենք։ Հիմա բերել է, ներկայացրել է և Ռդ նախագահն ասում է՝ դե իրենք գնացին, ինչ-որ բան ընտրեցին։ Մենք ինչ մի բան չենք ընտրել։ Մեզ համար ամենացանկալի տարբերակները նրանք են, որտեղ Արցախի կարգավիճակը, Արցախի ժողովրդի իրավունքները մաքսիմալ պաշտպանված են։ Այս ամբողջ գործընթացի հիմնական նպատակը դա է և վարչապետը, բոլորս բարձրաձայն ասում ենք՝ այո, հույս ունենք, որ Ռուսաստանը նույնպես հետամուտ կլինի իր առաջարկներին»։
Թեև Հայաստանը ռուսական 15 կետանոց առաջարկին, ըստ իշխանության՝ համաձայնություն է տվել սեպտեմբերին, բայց կասկածները հայտնվեցի թերևս սկսեցին օրեր առաջ, երբ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց․
«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր ինչ-որ առանձնահատկությունները, որ պետք է այդ առանձնահատկությունները հաշվի առնել և դրան ինչ որ ձեև պետք է անդրադառնալ ապագա խաղաղության պայմանագրում, դա էլ է հնարավոր։ Բայց անշուշտ պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է, որ նրանց համար էլ այդ պայմանավորվածությունները ընդունելի լինեն։ Դա շատ բարդ, ուղիղ ասած՝ ծանր հարց է»։
Չնայած սրան, Սոչիի հանդիպումից ժամեր առաջ Արցախը դիմեց ՌԴ-ին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով, և քաղաքական ու ռազմական լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու առաջարկով։ Ստեփանակերտի ասելիքը ձևակերպել է Արցախի Աժ-ի նախագահ Արթուր Թովմասյանը․
«Լիահույս ենք, որ չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»։
Ռուսական ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը 2021 թվականի նոյեմբերին կրկին Սոչիում էր։ Այն ժամանակ ուշադրության կենտրոնում էին Սյունիքում ակտիվ ռազմական գործողությունները, երբ Ադրբեջանը սկսել էր կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Իսկ այս Սոչին Պուտինի մասնակցությամբ առաջին հանդիպումն է Հայաստանի վրա սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո։
Արդեն հաստատված է, որ Սոչիին կհաջորդի Բրյուսելը։ Այնտեղ նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը դարձյալ կհանդիպեն, բայց այդ դեպքում երրորդ կողմը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է լինելու։
Վերջին շրջանում հանդիպումներից հետո կողմերը հաճախ սկսել են խոսել խաղաղության պայմանագրի ժամկետների մասին՝ նշելով 2022-ի տարեվերջը։