Այսօր Չարենցի մահվան օրն է
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրված:
Նոյեմբերի 27-ը մեր մեծանուն պոետի՝ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է։ 1937-ի աշնանային հենց այս օրը նա մահացավ բանտում՝ թողնելով գրական հսկա մի ժառանգություն։
1936 թվականի սեպտեմբերին նա տնային կալանքի տակ էր, օգոստոսի 9-ին՝ ձերբակալվել էր: Մեղադրանքները նույնն էին, ինչ որ բոլորինը՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, պետական դավաճանություն:
Վերջին անգամ Չարենցը ձերբակալվեց 1937 թվականի հուլիսի 27-ին: Նոյեմբերի 27-ին բանտում մահացավ:
Այս տարի նշվում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նոյեմբերը հայտարարել է Չարենցի հիշատակի ամիս, քանի որ մեծ գրողի ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգահեռ լրանում է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը: Հրատարակելու են գրողի երկերի լիակատար ժողովածուն, 125-ամյակի ավարտին առաջին հատորը կլինի գիտական համայնքի սեղանին, իսկ հիշատակի ամիսը կամփոփվի հուշատախտակի բացումով: Չարենցի հուշատախտակը տեղ կգտնի Մաշտոցի 17 հասցեի շենքի առաջնապատին, շենք, որտեղ բանաստեղծն ապրել է կյանքի վերջին երկու տարին: