Պետական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին:
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», Gebrueder Beetz Filmproduktion, Artbox Laisvalaikio Klubas, ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին:
Մրցանակի է արժանացել նաև Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Այն մասնակցել է Մոսկվայի «Կինոն առանց արգելքների» (Кино без барьеров, Breaking Down Barriers) հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնին և հաղթել «Երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։