Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ճարտարապետության թանգարանում երբևէ բացված բնույթով տարբերվող այս ցուցադրությունը փորձ է՝ ներկայացնելու պատը որպես ստեղծագործություն՝ միջնադարից մինչև մոդեռնիզմ։ Լուսանկարներում ամենատարբեր շինությունների առանձին հատվածներ են, յուրաքանչյուրը՝ հետաքրքիր պատմությամբ նաև տարբեր հույզեր, մտորումներ առաջացնող:



Ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմը՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը հայտնել է, որ լուսանկարներում ներկայացված բոլոր պատերը հայկական են, այսինքն՝ ստեղծված են միջին ու 20-րդ դարերի հայ ճարտարապետների, նկարիչների կամ պարզապես անցորդների, ժողովրդի կողմից՝ այսպես կոչված, «վերնակուլյար» պատեր են։ «Մենք շրջապատված ենք պատերով, ինչպես տանը, այնպես էլ փողոցում: Պատերը կարող են ծառայել տարբեր նպատակների. դառնալ ինքնարտահայտման միջոց կամ ուղղակի հարթություն, որի վրա կարելի է նկարել կամ գրել։ Պատը հենարան է և միաժամանակ զարդ։ Պատերը բաժանում են մարդկանց, բայց և միավորում՝ ռիթմի, գույնի կամ գեղեցիկի զգացումի միջոցով»,-նշում է Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ հենց այդ տրամաբանությամբ էլ լուսանկարները խմբավորվել են մի քանի խորագրերի ներքո «Պատը՝ որպես պատմություն», «Պատկեր», «Հարթություն», «Տետր», «Ինքնաարտահայտում», «Ռիթմ», «Գույն», «Զարդ»:

Պատերի ինքնատիպ պատմությունը լուսանկարներով վավերագրել է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Նա, սակայն, ընդգծում է, որ սա անհատական ցուցահանդես չէ. գաղափարը հեղինակի անձը թաքցնելն է՝ ինքնաարտահայտման հարթակ տրամադրելով լուսանկարներում փաստագրված յուրատեսակ ստեղծագործություններին: Ցուցահանդեսը այցելուներին մտորելու, սեփական պատմությունն ու մտքերն ավելացնելու հնարավորություն է ընձեռում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն