Անտառների վերականգնումը Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. ՀՀ վարչապետին է ներկայացվել ՇՄ նախարարության 2022 թ. գործունեության կատարողականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին:
Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ:
Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:
Նշվել է, որ 2020-2021 թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:
Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:
Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:
Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:
ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՈԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ների գործունեությանը:
Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:
Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:
Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում:
Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15500 հատ ամառային իշխան, 163000 հատ գեղարքունի իշխան:
Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:
Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:
Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագրված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն: