Դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող 15-ամյա Մալենային (Արփինե Մարտոյանին):

Նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին:



Խորհրդի երիտասարդ անդամների հետ միասին նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը և ծանոթացել այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:

Դրանից առաջ Մալենան Գավառում ներկա էր գտնվել UPSHIFT երիտասարդական նախաձեռնության փակման արարողությանը. նախաձեռնություն, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդների կյանքի հմտությունների զարգացմանը և քաջալերում նրանց ակտիվ լինել իրենց համայնքներում՝ դառնալով փոփոխություններ իրականացնողներ: Սա հնարավորություն էր Մալենայի համար շփվելու Գավառում ապրող երիտասարդների հետ և ծանոթանալու նրանց նախագծած և իրականացրած ծրագրերին:

«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, ովքեր այնքա՜ն բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, ովքեր իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը», — նշել է Մալենան,– «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»:



ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում:

«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում և, ինչպես ասում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարևոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրաժեշտ շատ կարևոր հմտություններ և կարողություններ: Հետևաբար, մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան: Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա և հաշվի առնվի նրանց վերաբերող որոշումները կայացնելիս», — ամփոփել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն