Ռուս ադրբեջանական մերձեցումը սկսվել էր դեռ 2007 թվականին Պուտինի` մյունխենյան ելույթից հետո: Տաս տարի ու մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառելուց հետո պրոցեսը հասավ կիզակետին, բայց դեռ տաս տարի առաջ շատ սահմանափակ քանակով մարդիկ գիտեին` ուր է տանում այս պրոցեսը:

Բրիտանիան ԵՄ անդամ էր դարձել 1973-ին, սակայն 2016-ին ժողովուրդն իբր թե որոշեց դուրս գալ ԵՄ-ից ու միայն 2022-ին պարզ դարձավ, թե ինչու: Եթե Բրիտանիան ԵՄ անդամ լիներ, ապա չէր կարողանա Ուկրաինային տրամադրել այն օգնությունը, որը տրամադրեց ռուսական հարձակման պահին, քանի որ ստիպված էր լինելու այդ հարցը համաձայնեցնել երեք տասնյակ այլ երկների հետ, որոնց թվում էր Գերմանիան, որի բոլոր խոշորագույն հիմնարկներում երկրորդ փայատերը Չինաստանն է:

Ուկրաինական պատերազմի բուն պատճառը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որը նրանք հրապարակեցին 2013-ի հոկտեմբերին, սակայն մշակում էին դեռ 2005-ից: Իսկ արդեն 2013-ի նոյեմբերին Ուկրաինայում սկսվեց Եվրամայդանը, որով ԱՄՆ-ն ու Բրիտանիան փաստացի չինական ծրագրի դեմ մի հսկայական պատնեշ կառուցեցին: Եվրամայդանից 2 ամիս անց ռուսները մտան Ղրիմ ու Դոնբաս: Տաս տարի անց Պեկինը փորձում է ռուսների ձեռքով այդ պատնեշը քանդել ու չի կարողանում:

Մոտ մեկ տասնամյակ առաջ ԵՄ-ն հայտարարեց, որ փորձելու է համաձայնեցնել ներքին այրման շարժիչների տոտալ արգելքն իր տարածքում: Այս տարվա հոկտեմբերին այդ արգելքը համաձայնեցվեց և լիարժեք ուժի մեջ կմտնի 2035 թվականին, սակայն այս որոշման հետևանքները մենք արդեն հիմա մեր մաշկի վրա զգում ենք: Ու բնական է, որ սա բնապահպանության հետ շատ փոքր աղերս ունի, և իրական պատճառներն աշխարհաքաղաքական են: Եվրոպան հրաժարվում է նավթից, գազից ու ածուխից, այսինքն պատրաստվում է պաշարված ամրոց դառնալ ու մնալ այդպիսին մի քանի տասնամյակ:   

Արցախի ճակատագիրը վճռվեց դեռ 1999-ին, երբ Վազգենին սպանելուց երկու շաբաթ անց ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի համաձայնագիրը, իսկ Քոչարյանը դարձավ էդ պրոյեկտի անվտանգության պետը: Քսան տարի անց մենք դրա պտուղները քաղեցինք: 

Նույն կերպ Պապ թագավորի արկածախնդրություններից 20 տարի անց կես միլիոն քառակուսի կիլոմետրանոց Հայքը կիսվեց առաջին անգամ, ու էդ օրվանից կիսվել ա որ կիսվում ենք... 

Հիմա, երբ ինձ ասում են, որ երեկվա ԱՄՆ-ի հայտարարությունը ջերմամիջուկային սինթեզի մասին դեռ մի 30 տարի մնալու է գիտական ոլորտում, դա, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում: Ո´չ, հարգելիներս, այդ հայտարարությունն արդեն էսօր է ազդելու բազմաթիվ պրոցեսների վրա` սկսած նավթի գնից ու դոլարի կուրսից, վերջացրած Ուկրաինական պատերազմով ու Արցախյան հակամարտությամբ: Ուղղակի կան մարդիկ, որ սա հասկանում են ու կարողանում են գործել սեփական շահից ելնելով, ու կա մարդկանց մնացած մեծամասնությունը, որն էշի ականջում քնած է մնալու, քանի դեռ թույլ է տալիս, որ «դավաճանների» ու «փրկիչների» բեմադրած կրկեսն իրենց թմբիրի մեջ պահի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն