Ադրբեջանին տրված ժամկետը սպառված է. ի՞նչ սպասել միջազգային իրավունքից
Այսօր լրանում է ՄԻԵԴ–ի կողմից Ադրբեջանին տրված ժամկետը․ մինչև դեկտեմբերի 19-ը Բաքուն պետք է Հայաստանի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացներ։ Հայաստանը դիմել էր Արցախի շրջափակման հարցով միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի դիմումներ է ուղարկել ոչ միայն ՄԻԵԴ, այլև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։
ՄԻԵԴ-ը նախորդ շաբաթ շատ արագ արձագանքեց Հայաստանի դիմումին՝ մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ տալով Բաքվին Երևանի պահանջի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Դրանք Ադրբեջանը ՄԻԵԴ-ին պետք է ներկայացնի մինչև այսօր ժամը 16–ը Փարիզի կամ 19-ը Երևանի ժամանակով։ Բաքվի պատասխանը ստանալուց հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում: Միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը չի շտապում խոսել դրանից բխող հնարավոր սցենարների մասին։
«Որպես կանոն՝ իրավական հետևանքն այն է լինում, որ երբ անդամ պետությունը չի կատարում դատարանի վճիռը, այդ վճռի կատարման վերահսկողությունը իրականցնում է ԵԽ Նախարարների կոմիտեն։ Ու վճիռ չկատարելու հետևանքն ընդհուպ այդ երկիրը ԵԽ կազմից դուրս թողնելն է»։
Հայաստանը Արցախի «կյանքի ճանապարհի» փակման հումանիտար հետևանքների վերաբերյալ փաստեր էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դրանք վկայում են, որ Ադրբեջանը «բնապահպանական ակցիայի» քողի տակ շարունակում է պատերազմել Արցախի դեմ, բլոկադայի ենթարկելով՝ իրականացնում է Արցախի հայաթափման իր քաղաքականությունը։ Այս հիմնավորումներով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինին ապաշրջափակել Բերձորի միջանցքը:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ասում է, որ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԻԵԴ ներկայացված դիմումը երկու բաղադրիչ է ներառում։ Առաջինով պահանջվում է Բաքվին պարտավորեցնել ապահովելու Բերձորի միջանցքի ապաշրջափակումն ու անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ երկրորդ բաղադրիչը վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող անձանց, որոնք անհապաղ բուժօգնության և Հայաստան տեղափոխվելու կարիք ունի։
Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, ապա Նախարարների կոմիտեն կարող է տարբեր պատժամիջոցներ կիրառել՝ ընդհուպ զրկել ԵԽ անդամությունից։ Իրավական գործընթացն ու արդյունքները, Դրմեյանի կարծիքով, ամրացնում են քաղաքական փաստարկները։
«Սա քաղաքական, դիվանագիտական դաշտում բանակցողին տալիս է փաստաթուղթ, որը պարտադիր ուժ ունի, բանակցելու, խոսելու շատ ավելի ամուր դիրքերից»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը մինչև այսօր ՄԻԵԴ-ի կողմից իրեն տրված ժամկետը ապաշրջափակի Բերձորի միջանցքը, մեծ է հավանականությունը, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերջին դիմումի վարույթը կարճվի։
«Երբ որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, ինչ-որ դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ներքին լսարանի համար է՝ ցույց տալու, թե իրենք ինչեր կարող են։ Բայց երբեք, բնականաբար, նման կոչերով կամ գործողություններով դրսում հանդես չեն գալիս։ Ավելի շատ նրանք ձգձգում են վճռի կատարումը»։
Իրավունքի մասնագետները վստահ են, որ այս իրավիճակում միջազգային ատյանների բոլոր որոշումներն էլ կարևոր են։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ եթե նույնիսկ ՄԻԵԴ-ը վարույթը կարճի, միևնույնն է, ՄԻԵԴ-ի որոշումը այս կամ այն կերպ զսպող ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Իսկ եթե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը մինչև ՄԻԵԴ-ի սահմանած ժամկետը չբացվի, ապա Բաքվի պատասխանից մի քանի օր անց պետք է սպասել Եվրոպական դատարանում որոշմանը։
Վարդան Այվազյանը, սակայն, կարծում է, որ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ ինչ-որ հույսեր կապել պետք չէ։ Պարզաբանում է՝ միջազգային իրավունքը չափազանց քաղաքականացված է և որպես այդպիսին, ըստ էության, չի գործում։
«Չի գործում, քանի որ միջազգային իրավունքը փոխարինվել է կանոններով։ Պետություների կողմից սահմանված կանոններով է փոխվել, և այդ որոշումները, որպես կանոն, քաղաքական բնույթ են կնում։ Հիմա ես չեմ կարող ասել, եթե Ադրբեջանի դեմ ԵԴ-ն որոշում կայացրեց, որի համաձայն անհապաղ պետք է բացել միջանցքը, ու եթե Ադրբեջանը չկատարեց՝ արդյո՞ք ԵԽ-ն Ադրբեջանին իր կազմից դուրս թողնելու նման քայլեր կձեռնարկի, քանի որ Ադրբեջանից սնվում են և՛ գազով, և՛ նավթով, շատ ու շատ այլ բարիքներով։ Դրա համար էլ ասում եմ՝ առանձնապես հույսեր կապել ԵԽ-ի դատարանի միջանկյալ որոշման հետ չարժե, որովհետև հիասթափությունը մեծ կլինի։ Սպասենք, տեսնենք արդյունքները»։
Ի դեպ, Լիպարիտ Դրմեյանը նաև տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։
«Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»։
Գրասենյակը ծանուցում է ստացել դատարանից, որ այդ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։ Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ՝ տարբեր ատյաններում զուգորդված գործընթացները փոխլրացնում են և ազդեցություն ապահովում։