ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիան կոչ է արել վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
Անցած մի քանի օրերի իրադարձությունները շատ մտահոգիչ են, ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ։
Նա ընդգծել է երկու կետ. «Առաջին հերթին, դեկտեմբերի 12-ից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող մուտքի միջանցքում երթևեկության վրա դրված խոչընդոտներն անընդունելի են»,- ասել է Բրոդհերսթը։
«Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության մեկուսացման։ Այն ունի մարդասիրական հետեւանքներ, որոնք օրեցօր ավելի են վատանում։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահ վերականգնել երթևեկությունը միջանցքի երկայնքով և մատակարարումները Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշել է նա։
Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նա նաև նշել է, որ ինչպես ստանձնել է Ադրբեջանի Հանրապետությունը, Լաչինի երկայնքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը:
Երկրորդը, նա ասել է. «Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ստեղծել մթնոլորտ, որը նպաստում է ընթացքի մեջ գտնվող բանակցությունների ավարտին և առաջընթաց գրանցել բացառապես երկխոսության միջոցով և բացառելով ուժի դիմելը, բոլոր չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ»։
«Եվրամիության հետ մեկտեղ Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու ջանքերում։ Մենք կաջակցենք բանակցվող բոլոր թեմաների շուրջ առաջընթացի որոնմանը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագծին, սահմանների սահմանազատմանը, հումանիտար հարցերին և երկարատև խաղաղության նպատակով հաղորդակցության ուղիների բացմանը տարածաշրջանում»,- ասել է մշտական ներկայացուցչի տեղակալը։
«Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը թույլ տվեց հասնել կարևոր առաջխաղացման։ Ֆրանսիան կողմերի տրամադրության տակ է՝ այս նպատակներին նպաստելու համար՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- ընդգծել է նա։