Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 – 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում։ Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն