Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ նախօրեին ՄԻԵԴ-ի կայացրած վճիռն արդեն ուժի մեջ է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը որոշ պարզաբանումներ է տվել որոշման վերաբերյալ։ Նա կարծում է, որ որոշումն իր տրամաբանության մեջ լայն մեկնաբանությունների հնարավորություններ է տալիս։ Բայց, ըստ էության, դատարանն առաջնություն է տվել Հայաստանի ներկայացրած գանգատին՝ հրատապ միջոց կիրառելու մասով և հիշեցրել է Ադրբեջանին Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների մասին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 21-ին հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ հանդիպմանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել որոշման վերաբերյալ․

«Կարծում եմ՝ սա ամեն դեպքում, բովանդակային առումով, ձևակերպումների առումով բավականին ճիշտ որոշում է և օբյեկտիվ իրականությունը արտացոլող որոշում է։ Եվ սրա վրա պետք է աշխատենք նաև քաղաքական առումով, պետք է փորձենք այն օգտագործել, որովհետև այս և նմանատիպ որոշումների ազդեցությունը կախված է նաև մեր հետագա դիվանագիտական, քաղաքական աշխատանքից»։ 

ՄԻԵԴ որոշումով այս պահին, մասնավորապես, վիճելի է համարվել Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հարցը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է այդ երկրին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Ինչո՞վ է պայմանավորված, որ դատարանն առանձնացրել է հատկապես այդ կատեգորիայի անձանց խնդիրը։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ ՄԻԵԴ-ը այսպիսով ցուցում չի տվել Ադրբեջանին՝ ապաշրջափակել միջանցքը։ Դատարանի այս լեզուն արդեն իսկ մեծ քայլ է, կարծում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է, որ ՄԻԵԴ-ի մանդատը անսահմանափակ չէ և հրատապ միջոցները կիրառում է հենց կապված երկու իրավունքների հետ՝ կյանքի իրավունքի և դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի։

Այսինքն՝ դատարանը գնահատել ու տեսել է կապը և համոզվել, որ դրա շարունակվելը անդառնալի վնաս կհասցնի տվյալ երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին։ Ըստ էության, դատարանն առաջնություն է տվել Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ հրատապ միջոց կիրառելու մասով և հիշեցրել է Ադրբեջանին Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների մասին։

Կիրակոսյանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ ԵԴ-ն հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, որտեղ նշված է՝ «երաշխավորել Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։ 

«Կարծում եմ, սա նշանակում է, որ միջանցքը պետք է բացվի։ Դատարանը պատահաբար չէ իր որոշման տեքստի մեջ հենց այդ հոդվածը մեջբերում ու դրա վրա կառուցում իր դիրքորոշումը։ Հենց այս տրամաբանությամբ, եթե մեկնաբանենք, որոշումը շատ լայն է ստացվում»։   

Ի՞նչ է սպասվում և ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառվել։ Ադրբեջանի կողմից քայլեր կատարելու ակնկալիքը մեծ չէ։ Գործը կարող է գնալ նախարարների կոմիտե. 

«Նախարարների կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, պետք է քննարկի և միջամտի այս հարցերին՝ հասկանա, թե ինչ քաղաքական քայլեր է պետք ձեռնարկել, որ ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Ընթացակարգեր կան, մինչև ԵԴ-ում Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ընդհուպ՝ մինչև անդամության հարց։ Բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա»։       

Եղիշե Կիրակոսյանը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան, որի լիազորությունների շրջանակն ավելի մեծ է և ավելի մեծ են ակնկալիքները։ Նա կարծում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարևոր է հետագա գործընթացների համար էլ, և այն կարող է ունենալ ձնագնդի էֆեկտ։ 

Մինչ այդ, ըստ Կիրակոսյանի, հայկական կողմի խնդիրն է՝ շարունակել աշխատել, լրացուցիչ ապացույցներ ներկայացնել, թույլ չտալու համար, որ դատարանի վրա Ադրբեջանի ազդեցության էֆեկտը գործի, քանի որ Բաքվում աղավաղում ու մանիպուլյացնում է փաստերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն