Հանդիպում Մոսկվայում Բաքվի ներկայացուցչի հետ՝ առանց պաշտոնական Երևանի։ Դեկտեմբերի սկզբին որոշվել էր խաղաղության օրակարգի քննարկումների երրորդ փուլն անցկացնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու Արցախի շրջափակումը Երևանի համար անհնար  են դարձրել մասնակցությունը մոսկովյան հանդիպումը, բայց հայկական կողմը Ադրբեջանին փոխանցել է իր նորացված առաջարկները՝ երաշխավորների նոր մեխանիզմներով:

Թեև մոսկովյան հանդիպումից Հայաստանը ոչ թե հրաժարվել էր, այլ հետաձգել այն, բայց հանդիպումը կայացավ: Լավրով-Բայրամով հանդիպումից առաջ Երևանի չմասնակցելու հիմնավորումներին անդրադարձ չեղավ, իսկ բանակցություններից հետո Բաքուն հարկ համարեց խոսել Ռուբեն Վարդանյանի գործունեության բացասական հետևանքների մասին։

Մեկ ամսվա ընացքում՝ չեղարկված երկու հանդիպում. առաջինը նշանակված էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, երկրորդը՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Բրյուսելի բարձրաստիճան քառակողմ՝ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը տապալվեց Ադրբեջանի նախագահի պատճառով, վերջինը դժգոհել էր Ֆրանսիայի նախագահի միջնորդսական աշխատանքից:

Երկրորդ հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով, պետք է տեղի ունենար Մոսկվայում, օրակարգում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» նախագիծը: Սրանով պետք է ազդարարվեր քննարկումների երրորդ փուլը, սակայն, հանդիպումը չեղարկվեց արդեն հայկական կողմի նախաձեռնությամբ: Միզրոյան-Լավրով-Բայրամով հանդիպման փոխարեն Մոսկվայում հանդիպեցին Լովրովն ու Բայրամովը: Փակ դռների հետևում քննարկումներից առաջ Ռուսաստանի արտգործնախարարն ամփսոսանք հայտնեց, որ հայկական կողմը բաց է թողնում հնարավորությունը:

Արդեն հանդիպումից հետո Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դժգոհեց հանդիպումից հրաժարվելու ձևից. Ասաց՝ հանդիպման չեղարկման մասին իմացել են ոչ թե դիվանագիտական խողովակներով, այլ՝ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունից:

Լավրովի խոսքով՝  Լեռնային Ղարաբաղում միջադեպերը կավելանան, եթե կողմերը յուրաքանչյուր միջադեպից հետո հրաժարվեն նախապես համաձայնեցված հանդիպումից.

Լավրովը նաև զարմացած է նախօրեին վարչապետ Փաշինյանի հնչեցրած դժգոհություններից: Դրանք առնչվում էին ռուս խաղաղապահների անգործությանը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահը չի կորցրել առիթը և ներկայացրել է այս փուլում Ադրբեջանի հիմնական դժգոհությունը:  Պարզվում է, Բաքվին նյարդայնացնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու փաստը: «Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Նա խանգարում է վերաինտեգրմանը։ Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական տեղաշարժեր»,- հայտարարել է Բայրամովը։ 

Հանդիպումը բաց թողնելու հայկական կողմի հիմնավորումների մասին հանդիպման ներածակած խոսքերում ՝ ոչ մի անդրադարձ: Հայկական կողմը խնդրել էր հետաձգել հանդիպումը՝ հիմնավորմամբ, որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Հայաստանում, իշխանական թևում համոզված են՝ Մոսկվա չմեկնելու որոշումը ճիշտ էր, թեև՝ երկկողմ առանձին հանդիպումը որոշակի ռիսկեր է պարունակում: Սա նաև Աժ պաշտպանության և անվտամնգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի կարծիքն է.

«Ես վստահում եմ մեր արտաքին գործերի նախարարությանը և նրա գործելաոճին: Եթե որոշում են կայացրել, որ չմասնակցեն, ուրեմն դրա համար բավարար հիմքեր եղել են: Ռիսկեր ամենուրեք կան, իհարկե, ռիսկեր միշտ էլ կան»:

Ուշագրավ է, որ մոսկովյան հանդիպումը տեղի է ունենում ոչ միայն Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու, այլև՝ հենց այդ միջանցքում ռուս խաղաղապահների անգործունությունից Հայաստանի դժգոհության ֆոնին: Բայց սա չի նշանակում, որ հարաբերություններ են փչանում: Արմեն Խաչատրյաննը ռիսկերանցնում է ճնշումների թեմային և այստեղ արդեն նոր անուններ է տալիս: 

«ՀՀ իշխանությունների կողմից, իհարկե, գնահատական է հնչել, որ խաղաղապահները չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել: Սա փաստական իրադրության արձանագրում է և որևէ ոչ այլ բան: Իհարկե, մենք հույս ունենք, որ խաղաղապահները իրենց վրա դրված պարտավորությունները շուտով կկատարեն: Բայց հարց է առաջանում՝ պարտավրությունը կարողանո՞ւմ են կատարել, թե ոչ: Կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի խնդիրներ ունի, բազմաթիվ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ճնշման տակ են: Չեմ կարող ասել, պարզ չի՞: Բայց վստահություն ունեմ, որ ռուս խաղաղապահները իրենց առաջ դրված խնդիկրը կլուծեն, որովհետև դա իրենց հիմնական առաքելությունն է և չեմ կարծում, որ իրենք չկարողանան այս հարցը լուծեն: Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի և բացվելու է ու առանց նախապայմանների»:

Ճնշումների մասին խոսում են ոչ միայն իշխանական պատգամավորները, այլև՝ վերլուծաբանները: Դիտարկում են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի վաճառքի և պատժամիջոցները շրջանցելու համար նաև Սև ծովը շրջանցելու ծրագրերը: Այս համատեքստում  է դիտարկվում  «Զանգեզուրի միջանցք» կոչվող ծրագիրը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը չի մոռանում ստեղծված իրավիճակը համեմատել այս ամսվա սկզբին չեղարկված առաջին հանդիպման հետ: Ըստ Խուրշուդյանի՝ Բրյուսելի հանդիպման չեղարկումը փորձ էր վիժեցնելու այդ հարթակում ընացող բանակցություններն ու աշխատանքները տեղափոխելու բացառապես ռուսական տիրույթ:

Եթե Հայաստանի պատասխան քայլը չլիներ, ապա Բաքվի ծրագիրը կաշտարեր, ասում է Խուրշուդյանը.

«Հիմա առաջին քայլը արեցին իշխանությունները՝ անկախ նրանից, ր Լաչինի միջանցքի փակ լինելու հիմնավորմամբ չեն մասնակցում, բայց լավ է, որ չեն մասնակցում: Այդ բոյկոտը շատ ճիշտ էր: Դա շահեկան է լինելու Հայաստանի համար, կարծում եմ, որովհետև Ադրբեջանին զսպողը ոչ թե ռուսաստանն է, այլ արևմուտքը: Հիմա նույն Լավրովի և Բայրամովի հետ խոսակցությունը և, ընդհանրապես, ռուսները ի՞նչ են ասում: Փաստորեն ասում են՝ մենք երկու կողմերի հետ աշխատում ենք, որ Լաչինի միջանցքը բացվի: Հայերի հետ ի՞նչ են աշխատում, մենք ոչինչ չենք փակել, որ բացենք»:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նախօրեին խորհրդարանում հստակեցրեց՝ Հայաստանը միջազգայիրն գործընկերների հետ է այս փուլում ակտիվ աշխատում՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումներն ուժեղացնելու համար: Օրվա ընթացքում խորհրդարանում նորից կրկնեց և հաստատեց.

«Ուզում եմ տեղեկացրել, որ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում իր բոլոր գործընկերների հետ, որպօեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա և Լաչինի միջանցքի գործառույթը իր նախկին կարգավիճակին: Այսինքն՝ բեռների, մարդկանց և ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության Լաչինի միջանցքի գործընթացը վերականգնվի»:

Իսկ այս բոլոր գործողություններին զուգահեռ ևս մեկ ուշագրավ իրադարձույուն է տեղի ունեցել արդեն Հայաստանում: Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում մեծ հանդիպում է եղել, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են այլ երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ակնկալվող քայլերի մասին: Նախարար Արարատ Միրզոյանի հետ դիվանագետները  քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, սահմանային անվտանգության ու սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցերը:

Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն