Ղարաբաղյան թեման շարունակում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մնալ, որն առայժմ դրսևորվում է հայտարարություններով ու կոչերով։ Արցախի շրջափակման թեմային տոնական օրերին անդրադարձել են միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները։

Ուշագրավ է, որ 2023–ի առաջին օրերին բացահայտվել են նաև այն երկրները, որոնց ջանքերով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում տապալվեց Լաչինի միջանցքի հարցով հայտարարության ընդունումը։ Բացահայտումն արվել է ԵՄ–ում Ադրբեջանի դեսպանի կողմից։

Բանակցություններ վարելու հարցում առաջատար խորհրդատու Ջեկ Նաշերը հեղինակավոր «Ֆորբս» ամսագրում տպագրած հոդվածում առանձնացրել է 10 հակամարտություն, որոնք, նրա կարծիքով, կփոխեն աշխարհը 2023 թվականին։ Թոփ տասնյակում Հայաստան–Ադրբեջան բանակցությունները 3–րդ հորիզոնականում են՝ զիջելով Ուկրաինա–Ռուսաստան և Չինաստան–Թայվան հակամարտություններին։

Մեզ վերաբերող հատվածը Նաշերը ձևակերպել է «Միջնորդի փնտրտուքի մեջ» խորագրով։ Հոդվածագիրը հարցնում է՝ պատերազմը Ղարաբաղի՞ համար է, թե՞ Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի, և ինքն էլ պատասխանում է․ «Խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հակամարտությունը ավելի գլոբալ նշանակության է և լավ բանակցելու ու միջնորդելու անհրաժեշտության վառ օրինակ»։ Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է դիվանագիտական օգնություն, քանի որ ռազմական ճանապարհը վերջ չդրեց հակամարտությանը, հասցրեց միայն անկայուն խաղաղության։ Ջեկ Նաշերը համոզված է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են խուսափել նոր էսկալացիայից, բայց դրա համար պետք է աշխատեն միասին և մշակեն այնպիսի գործարք, որը կսկսի «աշխատել»։ 

Բանակցային ելքերը դեռ գտնված չեն, բայց բոլոր միջնորդները խոսում են գործադրվող ջանքերի մասին։ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար․ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին՝  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում:

«Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն։ «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին»։

Մինչև բանակցությունները, սակայն, դեռ հանգուցալուծման է սպասում Լաչինի միջանցքի ճգնաժամը։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է․

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»։

Բազմաթիվ ուսումնասիրություններում այսօր նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կրկին շարժվում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունները խախտել են հաշվարկները տարածաշրջանում՝ գրում է Միջազգային ճգնաժամային խումբը։ Փորձագետները պնդում են, որ ուկրաինական պատերազմը ստվերում է թողել հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ըստ միջազգային ճգնաժամային խմբի՝ թեեւ կողմերը փորձում են համատեղ նախագիծ մշակել, սակայն նրանց մոտեցումները դեռ անհամադրելի են։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքին են, եւ Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես՝ ռազմական եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով»,- ասում են փորձագետները՝ զգուշացնելով՝ եթե բանակցություններն արդյունքի  չհանգեցնեն, ռազմական տարածաշրջանում հակամարտությունը կկործանի և՛ Մոսկվայի, և՛Արեւմուտքի նախագծերը, իսկ Ադրբեջանն ուժով կվերցնի այն, ինչ կկարողանա»:

Խնդրին անդրադարձել է նաև Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Կառույցի տարեկան ամփոփման մեջ նշվում է, որ 2022 թ.-ին Հայաստանի տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է հայտնվել  հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո հրադադարի մշտական խախտման մասին փաստերը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները:

Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի: Ինստիտուտի փորձագետների համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք»–ը, Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ:

Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ, շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին:

Ի դեպ, այս առումով «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ուշագրավ հրապարակում է արել

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը՝ շնորհակալություն է հայտնելով 4 երկրի, որոնց ջանքերով  տապալվել է  Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը։ 

«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը։ Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային»։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էր հայտարարել, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»:

Պոլյանսկին Տելեգրամ ալիքում գրել էր, թե Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։

Նրա խոսքով, ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել Ռուսաստանի ջանքերով ընդունված փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն