Իրանի պատասխան արձագանքը կլինի հիբրիդային․ իրանագետ
Սպահանում հունվարի 28-ին Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը վկայում է հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին` ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին նման բովանդակությամբ նամակը փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։
Ռադիոլուրի հարցազրույցը՝ իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ
«Նման հարձակումները նորություն չեն, իրանական միջուկային օբյեկտների, ռազմական հռթիռաշինական, անօդաչուներ արտադրող կառույցների նկատմամբ իսրայելական կողմը մեկ անգամ չէ որ հարձակումներ է իրագործել` ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ «Պարզապես այս անգամ իրանական կողմի պաշտոնական արձագանքը, կարծես թե, հանգիստ էր, ինչը պայամանավորված էր իրավիճակը չսրելու հանգամանքով, քանի որ թշնամական անօդաչուների հարվածներն ուղեկցվում են քարոզչական գրոհով. հարձակմանը հաջորդած մի քանի ժամերի ընթացքում շրջանառվում էին իրանական մյուս քաղաքների ռազմական օբյեկտների նկատմամբ կազմակերպված, իբրև թե, հաջողված գրոհի մասին լուրեր։ Սրան զուգահեռ, գրեթե նույն ժամանակահատվածում Իրանում տեղի ունեցած երկրաշարժը կարող էր խուճապի մեծ ալիք բարձրացնել, ուստի իշխանություններն առավել զուսպ էին և չշտապեցին քաղաքական որևէ հայտարարությամբ իրավիճակը էլ ավելի սրել»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։
Իրանագետը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի վերջին հայտարարությունը, որ եթե չստացվի այլ միջոցներով թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել, ապա Թել-Ավիվը ստիպված է լինելու ուժ կիրառել, նշում է, որ իսրայելական կողմը, ինչպես նաև ԱՄՆ-ն շարունակում են միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական ուժի կիրառման մասին խոսակցությունները՝ դրանով իսկ պարարտ հող ստեղծելով Իրանի դեմ հարձակման համար։
Իրանը հունվարի 28-ի հարձակումից միայն օրեր անց է պաշտոնապես մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի Իսրայել և հայտարարել, որ ըստ հարձակման նախնական հետաքննության` հարձակման պատասխանատվությունը կրում է հենց Իսրայելը, թեպետ, ըստ իրանագետ Ժաննա Վարդանյանի`հարձակումից ժամեր անց նույնիսկ արևմտյան լրատվամիջոցներն էին գրել, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են կանգնած հարձակման հետևում։
«Իրանի պատասխան արձագանքը լինելու է հիբրիդային. իրանական ուժերը, ինչպես և նախկինում, այս անգամ էլ Սիրիայում, Իրաքում կամ իրանական ազդեցության որևէ այլ գոտում իսրայելական ուժերի կամ իսրայելական օբյեկտների վրա հարձակումներ կկազմակերպեն, որոնք գուցև կիրականացվեն գործակալական ցանցերի միջոցով»,- ասում է Ժաննա Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Իրանի դեմ գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը, ապա այսօր Թեհրանը Բաքվի համար թշնամի երկիր է՝ ասում է փորձագետը` հավելելով` նույնքան թշնամի, որքան Հայաստանը, սրա հիմքում նաև «Զանգեզուրի միջանցք» կոչվող ադրբեջանական թեզն է, որին իրանական կողմը դեմ է և շարունակում է հայտարարել, որ Թեհրանը թույլ չի տա տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն, հայտարարելով, որ սա իրենց կարմիր գիծն է։