Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման միջոցառումն այս տարի նվիրված է Հայաստանին
Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին մասնակցել է Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը:
Մոնակոյի իշխանի բարձր հովանու ներքո տեղի ունեցող ամենամյա այս միջոցառումն այս տարի կրում է «Լո՛ւյս» խորագիրը և նվիրված է Հայաստանին։ Վիզուալ արվեստների ցուցադրությանը պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցում և իրենց արվեստի գործերն են ներկայացնում վեց հայազգի արվեստագետներ։ Փետրվարի 10-ից 24-ն անցկացվող այս սալոնի ընթացքում տեղի կունենան նաև Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված համաժողովներ և քննարկումներ։
Սալոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր բացման խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը խոր երախտագիտություն է հայտնել Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին ցուցաբերված բացառիկ ուշադրության և գնահատանքի համար։
Միջոցառման շրջանակներում Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպանն անդրադարձ է կատարել շուրջ երկու ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման փաստին և դրա հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին։