Հայաստանի խորհրդարանական ուժերը տրամագծորեն տարբեր դիրքորոշում ունեն ոչ միայն արցախյան հիմնախնդրի և Ադրբեջանի հետ մշակվող «խաղաղության պայմանագրի» շուրջ, այլև տարբեր կերպ են ընկալում Թուրքիայի երկրաշարժին Հայաստանի իշխանությունների արձագանքն ու դրա քաղաքական հետևանքները։

Խորհրդարանական ճեպազրույցներում նաև հստակեցվել է հարցը, թե արդյո՞ք Հայաստանը նոր առաջարկներ է ստացել միջնորդներից։ Նախորդ շաբաթ նկատելի էր նրանց ակտիվ աշխատանքը թե պաշտոնական Երևանի, թե Ադրբեջանի հետ։

Հայաստանից Թուրքիային մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացը, պարզվում է, բավական ռիսկային է եղել հատկապես այն 5 վարորդների համար, որոնք վարել են 100 տոննա աջակցություն տեղափոխող 5 բեռնատարները։ Ավտոմեքենաներն անցել են մի կամրջով, որը 30 տարի չի գործել և որի պիտանելիության աստիճանը դեռ ստուգվում է։ 3 ամիս առաջ  Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական խմբերը հանդիպել էին հենց այդ տարածքում և որոշել փորձարկումներ անել, ուսումնասիրել կամրջի վիճակը։ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը այս հարցում նախ լավ միտումներն է առանձնացնում։

«Մարգարայի կամուրջը փորձաքննության է ենթարկվել կամ ընթանում է փորձաքննությունը, այս պահին վստահ չեմ՝ որ փուլում է։ Ես գիտեմ, որ կան որոշակի խնդիրներ, որ պետք է ամրացվի և վերանորոգվի կամուրջը և այլն, բայց լավ լուրն այն է, որ տեսանք, որ այն անցանելի է։ Ենթադրում եմ, որ շատ երկար ժամանակ չի պահանջվի, եթե օրինակ որոշվի սահմանը բացել, կամ, օրինակ, երրորդ երկրի քաղաքացիների համար առնվազն  սահմանը բացելու շատ մեծ ժամանակ չի պահանջվի»։ 

Թեև բանագնացների վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այդ պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։ Այժմ որոշակի հույսեր են կապվում  Թուրքիային ցուցաբերված օգնության հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ այդ քայլը դրական ազդակ կդառնա հայ–թուրքական բանակցությունների համար։



«Այո, այս փոխհարաբերությունները մարդասիրական համատեքստում կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»։

Խորհրդարանական ընդդիմությունը նույնքան լավատես չէ։ Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ օր առաջ պատրաստ է բացել սահմանը, մինչդեռ, Անկարան հաշտեցումը կապում է բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ անկախ ամեն ինչից Թուրքիան և Ադրբեջանը միասնական նպատակներ ունեն տարածաշրջանում։

«Թուրքիան, եթե իրականում ցանկություն ունենար Հայաստանի հետ հարաբերությունները տանել առանց նախապայմանների, ապա հետպատերազմյան ժամանակահատվածի 2.5 տարին բավարար էր այդ գործընթացը արդյունավետ հուն տեղափոխելու, ճանապարհները բացելու, դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու համար։ Իսկ այս իրավիճակում Հայաստանի քայլերը կամ հայտարարությունները որևէ լուրջ ազդեցություն չեն թողնելու։ Չեմ կարծում, թե Թուրքիային հայ–թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր այստեղ կարևոր լինելու։ Թուրքիայի պահվածքը, վարքագիծը, Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները համահունչ չեն»։

Այս ամենի ֆոնին, Տիգրան Աբրահամյանի կարծիքով, միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է։

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ»։



Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանն ակտիվ և հետևողական պետք է աշխատի Արցախի ճանաչման և ինքնորոշման իրավունքի ուղղությամբ ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարթակներում ։ Կարծում է՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ-ին «ձեռքերը լվանալու» հնարավորություն չպետք է տրվի։ 

«Անհրաժեշտ է ամեն գնով այս ձևաչափը վերակենդանացնել, նույնիսկ եթե հիմա կա կոնֆլիկտ այդ երկրների միջև։ Ի վերջո 20 տարուց ավելի Հայաստանը և Արցախը շարժվել են այն երկրների հորդորներով, ցուցումներով, վարքագծով, որ մենք երկել հասել ենք այս վիճակին։ Հիմա իրենք ուղղակի չեն կարող «ձեռքերը լվանալ», քաշվել մի կողմ և մտածեն, որ այսօր իրողություն է փոխվել»։

Նախորդ շաբաթն ակտիվ էր բարձրաստիճան այցելով և հեռախոսազանգերով։ Երևանն ու Բաքուն հեռախոսազանգեր ստացան Փարիզից, Մոսկվայից և Վաշինգտոնից, Հայաստան էր այցելել նաև ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Խովաևը։ Արդյո՞ք նման ակտիվացումը խոսում է նոր առաջարկների մասին․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի հստակեցնում։

«Օրինակ, Լաչինի միջանցքի ապաշրջափակում, սահմանային անվտանգության ապահովումը և բոլոր րտաքին քաղաքական օրակարգային հարցերը և Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հենց այդ հարցերն են քննարկել ռուսաստանցի համանախագահի հետ։ Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան և արդյունքները ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել»։

Իսկ ընդհանուր պատկերի մեջ Ռուսաստանը չի թաքցնում, որ դժգոհ է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման որոշումից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հորդորում է աշխարհաքաղաքական ենթատեքստեր չփնտրել․



«Որևէ մեկին բացատրելու կարիք չկա։ ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, այն իրավիճակը, որը կա Հայաստանի սահմաններին։ Սա է և ես խնդրում եմ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել այս իմաստով, որովհետև սա բոլորովին այլ գործընթաց է։ ՀՀ–ն շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և՛ ՌԴ մեր գործընկերների հետ, և՛ արևմտյան մեր գործընկերների հետ, և՛ Իրանի մեր գործընկերների հետ։ Այս համատեքստում մենք ելնում ենք ՀՀ շահերից»։

Ռռուսական կողմը հայտրարել է, որ աշխատում է արտգործնախարարների եռակողմ հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Եթե այն կայանա, կլինի առաջինը այս տարվա համար, ինչպես նաև նախորդ տարվա տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով և Հայաստանի որոշմամբ հետաձգված հանդիպումից հետո։ Այս անգամ, սակայն, ըստ Սարգսի Խանդանյանի, Լաչինի միջանցքի բացումը Հայաստանը չի ներկայացրել որպես հանդիպման նախապայման։

«Նման նախապայման չունի հայկական կողմը։ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված։ Այնուամենայնիվ, որևէ խնդիր չկա որևէ միջնորդի կողմից հանդիպումներին մասնակցելու, այդ թվում և ռուսական միջնորդությամբ»։

Այժմ Հայաստանում ուսումնասիրում են Բաքվից ստացված խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող հերթական առաջարկները։  Խանդանյանի խոսքով՝ «երբ  դրանք պատրաստ լինեն, կուղարկվեն Բաքու»։ Թե ինչ էր այս անգամ առաջարկել Ադրբեջանը, չի գաղտնազերծվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն