Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրող էր․ Տատյանա Գայդուկ
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի՝ Իվան Այվազովսկու, ինչպես նաև այլ ռուս նկարիչների, ուկրաինացի ճանաչելու մասին հայտարարությունն ամբողջովին անհեթեթ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Կուինջին, Ռեպինին և Այվազովսկուն հռչակել էր ուկրաինացի նկարիչներ․ Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, որ հեղինակը ուկրաինացի է։ Նմանատիպ գրառում կա նաև Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարով էջում։
«Իհարկե, սա աբսուրդ է, կատարյալ աբսուրդ… Այվազովսկին և Կուինջին՝ հայ և հույն, պարզապես ուկրաինացիներ են… Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրող էր։ Հայկական ավանդույթները տիրում էին նրա տանը, առօրյայում, բայց բոլորի համար Այվազովսկին ռուսական մեծ աշխարհի ներկայացուցիչն է։
Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ որպես ռուս նկարիչ, ռուսական արվեստը փառաբանողներից մեկը։ Այվազովսկին եղել է ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ։ Նա շատ հայրենասեր էր, իր նկարներում գովերգում էր ռուսական առագաստանավային նավատորմի բոլոր ակնառու հաղթանակները»,- ասել է Գայդուկը։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ անոտացիաների նման վերաշարադրումը կարող է ընդունելի լինել այն մարդկանց համար, որոնց գիտելիքները մշակույթի վերաբերյալ բավականին սուղ են։