Քննարկվել են ՆԳՆ-ում ներքին վերահսկողությանն ու կարգապահական պատասխանատվության մեխանիզմներին առնչվող հարցեր
Փետրվարի 16-ին կայացել է Ներքին գործերի նախարարությունում ներքին վերահսկողության և կարգապահական գործընթացի բարեփոխման շուրջ փորձագիտական քննարկում։
Քննարկումը կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության կողմից` ԵՄ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում տրամադրվող ԵԱՀԿ փորձագիտական աջակցությամբ:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր բացման խոսքում նշել է, որ Ներքին գործերի նախարարության կազմավորմանը զուգահեռ, պայմանավորվածության համաձայն, թիրախավորվել են մի շարք հարցեր, որոնք փորձագիտական մակարդակում քննարկման և դետալների հստակեցման կարիք ունեն։
Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ շարունակելով ընթացող բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական քննարկումների շարքը, այս հանդիպմամբ առանձնացվել են Ներքին գործերի նախարարության շրջանակներում ներքին վերահսկողության գործիքակազմին, ծառայողների կարգապահական պատասխանատվության մեխանիզմներին առնչվող թիրախային հարցեր, որոնք թույլ կտան նախարարության կառուցվածքային ձևավորման առկա փուլում ճիշտ գծագրել խնդրո առարկա գործընթացներն ու ապահովել դրանց արդյունավետությունը։
ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:
Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, դիտարկվել են Ներքին գործերի նախարարության ներքին վերահսկողությանը և Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարգապահական պատասխանատավության մեխանիզմների, բարեվարքությանն առնչվող մի շարք հարցեր: