Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման արարողություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ տասներկու նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները։
Գլխավոր հարկադիր կատարողը, իր խոսքում կարևորելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առանցքային դերը պետական կառավարման համակարգում, մասնավորապես ասել է․ «Վստահ եմ՝ գիտեք, թե ինչքան պատասխանատու է ձեր առաքելությունը դատական ակտի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու իրավունքի պաշտպանության առումով։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք հաշվետու եք ոչ միայն հասարակության, պետության, այլև ձեր իսկ անձի ու աշխատանքի առաջ։ Շնորհավորում եմ բոլորիդ հարկադիր կատարողի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցանկանում եմ, որ ամբողջությամբ գիտակցեք պատասխանատվության այն չափաբաժինը, պարտականություններն ու լիազորությունները, որոնցով առաջնորդվելու եք ձեր ամենօրյա աշխատանքում։ Հավատարիմ եղեք ձեր երդմանը, արդյունավետ աշխատանքով նպաստեք հարկադիր կատարողի հանրային ընկալման դերի բարձրացմանը՝ որպես քաղաքացու խախտված իրավունքները վերականգնողի և ձեր կարողություններն ու գիտելիքները ծառայեցրեք ի նպաստ պետության և քաղաքացու»։