ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում։

Արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի ևս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին, Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ համերգի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ, ինչը խոսում է հայկական մշակույթի և հայ կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. Մեծ Բրիտանիայում ներկայացվող համերգային ծրագրերում առանցքային տեղ ունեն Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանանում Միացյալ Թագավորության խստապահանջ ունկնդրի կողմից։

Ուշագրավ է, որ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը հնչում է բրիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքի կատարմամբ, որն այս կոնցերտը սովորել է հենց Միացյալ Թագավորությունում կայանալիք համերգային հյուրախաղերին ներկայացնելու նպատակով։ Լեփ-լեցուն դահլիճներում նվագախմբի կատարումներն ուղեկցվում են ծափողջույններով, ինչը նվագախմբի կատարողական բարձր վարպետության վկայությունն է։ 

Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Տպագրվել են նաև տեղեկատվական թերթիկներ՝ ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք համերգներից առաջ բաժանվում են ունկնդրին՝ այս ձևաչափով ևս  ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր մյուս հյուրախաղերի ընթացքում նույնպես աշխարհի տարբեր ծայրերում կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդպիսով նշանավորելով հայ մեծ երախտավորի 120-ամյա հոբելյանը և հանրահռչակելով նրա երաժշտական ժառանգությունը։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատ հովանավորներ և բարեգործական կազմակերպություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն