«Հայաստան» հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել է Սիրիայում գործող հայկական կրթօջախներին
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Սիրիա կատարած այցի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այցելել է Դամասկոս և Հալեպ՝ Սիրիայի հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Մասնավորապես, «Հայաստան» հիմնադրամը Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով 140 000 ԱՄՆ դոլար նվիրաբերել է Սիրիայում գործող հայկական կրթօջախներին: Ֆինանսական աջակցությունը կուղղվի այդ կրթօջախների ուսուցիչներին և տեխնիկական անձնակազմին (26 կրթօջախ, 1163 անձ), ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուժած երեք հայկական ուսումնական հաստատություններին («Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը) վերականգնմանը:
Նշենք, որ Սիրիայի հայ համայնքին նվիրաբերված 140 000 ԱՄՆ դոլարը հավաքագրվել է «Հայաստան» հիմնադրամի «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի», «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդների» և Գերմանիայի տեղական մարմնի կողմից:
«Հայաստան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ամուր կանգնած է արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայ համայնքների կողքին: