Նախաձեռնության նպատակն Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդնումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Աժ կայքից, ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Կառավարության հեղինակած ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն  ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:

Մանրամասն ներկայացնելով ատեստավորման ընթացակարգը՝ Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այն, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Պատգամավորների խնդրանքով Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է պարզաբանումներ նախագծի 28-րդ հոդվածում կիրառված «հատուկ առաջադրանք» հասկացության, իրավակարգավորումների անհրաժեշտության վերաբերյալ:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ունի որոշ դիտարկումներ, որոնք կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Արմեն Խաչատրյանը կարևորել է, որ աշխատավարձի էական բարձրացման հարցը կապվում է գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի հետ: Սակայն նա մտահոգություն է հայտնել, մասնավորապես, օպերատիվ կազմի աշխատակիցների հարցի վերաբերյալ, որոնք ունեն բարձր աշխատանքային արդյունավետություն և գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ: Նա առաջարկել է կազմված թեստերը, ատեստավորման կարգը քննարկել հանձնաժողովում՝ մինչև Կառավարությանը ներկայացնելը և հաշվի առնել այն հանգամանքը, որ բարձր արդյունավետություն ունեցող օպերատիվ ծառայողը, որ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, հնարավորություն ունենա անցնել ատեստավորումը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով հանձնաժողովն ակտիվ մասնակցություն կունենա ատեստավորման չափորոշիչների մշակման գործընթացին:

Հանձնաժողովի փորձագիտական խումբը հակիրճ ներկայացրել է հարցադրումները և առաջարկվող լուծումների իրավակարգավորումների փաթեթը:

Անդրանիկ Սիմոնյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին և փորձագետներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ կքննարկվեն բոլոր առաջարկությունները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին. այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն