Ներքին Խնձորեսկի նոր թաղամասում բնակարանամուտ կտոնեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին
Գորիսի փոխհամայնքապետ Արտյոմ Աղաջանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի հետ Ներքին Խնձորեսկ բնակավայրում է եղել, որտեղ Գորիսի համայնքապետարանի ու «Հայաստան» համահայկական, «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների հետ համագործակցությամբ նոր թաղամաս է կառուցվում։
Թաղամասի 6 բնակելի տան շինաշխատանքներն ընթացքի մեջ են․ 4 տուն՝ Արցախից տեղահանված և 2 տուն՝ Ներքին Խնձորեսկում սոցիալապես անապահով ընտանիքներին։
Բնակելի տները երկհարկանի են լինելու։ Հիմնային աշխատանքներն ավարտված են, արտաքին պատերի կառուցման աշխատանքներն են այս պահին ընթանում։
Հողամասերը, որոնց վրա տները կառուցվում են՝ անհատույց սեփականության իրավունքով Գորիս համայնքն է նվիրաբերել տանտերերին։
Ամբողջովին նոր ենթակառուցվածքներ են կառուցվում, նոր ջրագծեր կանցկացվեն, կիրականացվեն հողատարածքների ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։
Նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակարանամուտ տոնել, բացել նոր թաղամասի դռները։