Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրով համաժողով
Մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ:
Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեի և Յաել Բրաուն-Պիվեի բարձր հովանու ներքո կազմակերպված համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների հիմնադիր Բերնար Կուշները։
Համաժողովի բանախոսների թվում էին հանրահայտ գրող, փիլիոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Էրիկ Օրսեննան, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավուքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, «Le Point» պարբերականի խմբագիր, արձակագիր Վալերի Թորանյանը, գրողներ Բլանշ դը Ռիշմոնը, Էմանուել Ռուբենը և Մարինա Դեդեյանը, աշխարհահռչակ կինոգործիչ Կոստա Գավրասը։
Ֆրանսիացի մտավորականներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից շարունակաբար և անթաքույց կերպով վարվող հայատյաց և էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ՝ ահազանգ հնչեցնելով վերջինիս արդյունքում Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական ապառնալիքների կապակցությամբ, և կոչ արել միջազգային հանրությանը անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի՝ արդեն գրեթե 100 օր տևող շրջափակումը վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու համար։
Համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես են եկել Սենատում և Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։