ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ունենալը խիստ անհրաժեշտություն է. Արցախի պետնախարարն ընդունել է պահեստազորի սպաներին
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն, և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:
Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։
Գ․Ներսիսյանը ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը՝ խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:
Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ունենալու ուղղությամբ, որն իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։