100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը, անտեսելով անգամ Հաագայի դատարանի՝ ճանապարհը հնարավորինս արագ ապաշրջափակելու որոշումը։ Արցախում արդեն տասը օր է, ինչ ընդհատված է գազամատակարարումը։ Հունվարի 20–ից առաջին անհրաժեշտության ապրանքներն արցախցիները կտրոնով են ձեռք բերում։ Սա սննդի մատակարարման հարցը որոշ չափով լուծել է, բայց օրեր են լինում, երբ խանութներում հնարավոր չի լինում գտնել անհրաժեշտ ապրանքը։ Արցախում սննդամթերքի կտրոնների տրամադրման գործընթացում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Մասնագետներն ահազանգում են՝ որքան շրջափակումը շարունակվի, այնքան Արցախի տնտեսության վիճակն ավելի է վատանալու։

3․5 ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Տասը օրից ավելի է, ինչ 120 հազար մարդ կրկին զրկված է գազամատակարարումից։ Այս օրեին, բարենպաստ եղանակով պայմանավորված՝ փոխվել է հովհարային անջատումների ժամանակացույցը։ Նախկինում օրական վեց անգամ մեկական ժամով անջատումների փոխարեն, այժմ հոսանքն անջատվում է երեք անգամ՝ մեկական ժամով։ Ինչպե՞ս է փոխվել կյանքը շրջափակված Արցախում։

Մարի Քալաշյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ ավելի կազմակերպված են դարձել․ «Մտածում ենք, որ գոնե այսպես մնա՝ ոչինչ։ Ավելի չվատանա, պատերազմ չլինի։ Ամեն րոպե այդ վախը բոլորի սրտերում է, որ հիմա մի բան կլինի։ Մենակ էդ վախը սպանում է ժողովրդին։ Մենք մեզ համար ենք տարբերակներ գտնում։ Գիտենք, որ լույսը գնալու է, կամ տալու են, պատրաստվում ենք։ Ոչ թե հարմարվել ենք, այլ ավելի կազմակերպված ենք անում ամեն ինչ»։

Հունվարի 20–ից առաջին անհրաժեշտության ապրանքն արցախցիները կտրոնով են ձեռք բերում։ Մարին ասում է, որ սննդի սղության հարցը կտրոնները որոշակիորեն լուծել են, բայց օրեր են լինում, երբ խանութներում հնարավոր չի լինում գտնել անհրաժեշտ ապրանքը․

«Կան օրեր, որ խանութներում կգտնես և բանջարեղեն, և միրգ, և կոնֆետներ։ Բայց օրեր կան, որ մեկ հատ կարտոֆիլ կամ գազար, սիգարետ կամ տակդիր գտնել հնարավոր չէ։ Սոցցանցերում նորից կարդում ենք, որ տակդիրների պակաս կա, մարդիկ հարցնում են, թե որտեղից է հնարավոր ձեռք բերել տակդիրներ։ Կարծես նորից ամեն ինչ կրկնվում է»։

Սննդամթերքի կտրոնների տրամադրման գործընթացում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Փոխվել է նաև կտրոնների արտաքին տեսքը։ Տեղաբաշխման արդյունավետության և հերթերից խուսափելու համար Ստեփանակերտում կտրոնների տրամադրման ավելի շատ կետեր կաշխատեն։ Բացի այդ, պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր: Վարչական շրջանների բնակիչները կտրոնները կարող են ստանալ  ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից: Արցախի տեղեկատվական շտաբից հորդորում են՝ այցելելուց առաջ ճշտել տվյալ տեղամասի էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը: Նաև նշում են, որ նախկինում ստացած ու չօգտագործած կտրոնները հնարավոր է օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:

Արցախի հանրապետության Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը Արցախի հանրային ռադիոյի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու են փոփոխություններ կատարել։ Ասում է՝ հաշվի են առել բողոքներն ու դժվարությունները։ Օրինակ՝ բանջարեղենի կտրոնից բացի, նաև կարտոֆիլի վաճառքն են առանձնացրել, փոխել են նաև կտրոնով ձվի տրամադրման կարգը․

«Հաշվի առնելով, որ ձվի պիտանելիության ժամկետը կարճ է, եթե որևէ քաղաքացի այն պետք է գնի, մեկ ամսվա մեջ օգտագործի, կամ խնայողություն անի, պահպանի։ Թարմության խնդիր է առաջանում։ Մենք երկու մասի բաժանեցինք, մի մասը մինչև 25–ը, մյուսը՝ մինչև ապրիլի 10–ը»։

Կտրոնների վերադարձի մասով մոտեցումը խստացվել է՝ ասում է պաշտոնյան, հստակեցնելով՝ շաքարավազը քաղաքացիները կստանան ոչ թե մեկ, այլ՝ ամիսը երկու անգամ։ Բանջարեղենի կտորնները չօգտագործած քաղաքացիները դրանք կարող են իրացնել մինչև ապրիլի 10–ը․

«Զուգահեռ սկսել ենք նաև նոր կտրոնների տրամադրման գործընթացը, որպեսզի նրանք, որ չունեն, մոտենան ու ստանան նոր կտրոնները։ Այսօր մոտ 7–8 սպասարկման կետ կաշխատի»։

Մատակարարումները կատարվում են միայն խաղաղապահների միջոցով։ Դրանք հումանիտար ճանապարհով ստացվող ապրանքներ են՝ ասում է Լևոն Սարգսյանը։ Մատակարարների պահեստների վերահսկողությունը նույնպես իրենք են կատարելու․ «Տվյալ մատակարարը կարողանալու է իր պահեստից մատակարաի այնքան ապրանք, որքան կտրոն կվերադարձնի։ Այս վերահսկողությունը մատակարարը պետք է շատ հստակ կատարի»։

Որքան շրջափակումը երկարի, այնքան այն ավելի լուրջ տնտեսական ու սոցիալական հետևանքներ կունենա՝ կարծում են փորձագետները։ Շուրջ 3.5 ամիս է՝ Արցախի տնտեսությունն օրական առնվազն 651-752 մլն դրամի (1.65-1.9 մլն դոլար) կորուստ է ունենում։ Շրջափակման 107 օրում այն արդեն կազմել է գրեթե 203 մլն դոլար։ Արցախում ավելի քան 10 հազար մարդ գործազուրկ է՝ ըստ պաշտոնական վիճակագրության։ Եթե «կյանքի ճանապարհը» փակ մնա, 16 200 մարդ գործազուրկ կդառնա, պարզել են մասնագետները։ Պետական բյուջեն կրճատվում է, անհետաձգելի ծախսերը՝ ավելանում։ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն ընդգծում է՝ բյուջեի որոշակի ծախսեր միշտ էլ կարելի է կրճատել․

 «Եթե ՀՀ–ն Արցախին 144 մլրդ դրամ է հատկացնելու, իսկ Արցախի բյուջեն 2023 թվականի համար գնատավել է 200 մլրդ դրամից ավելի, հարկեր էլ չեն հավաքվելու, ապա  ողջ գումարն ուղղվելու է սոցիալական ծրագրերին։ Հարկերը գնահատվել են շուրջ  40 մլրդ դրամի չափով, պակասուրդի ֆինանսավորման նոր աղբյուրներ չեն լինելու, ուստի լավագույն դեպքում 155 մլրդ դրամ գումար է տրամադրվելու, ապա այդ գումարը նվազագույն սոցիալական ծախսերը կբավարարի։ Բայց Արցախում այլ ծրագրեր էլ կան, որ չեն կատարվելու։ Չմոռանանք, որ օրինակ՝ անտուն մարդիկ կան, նրանց համար բնակարանաշինական ծրագրեր են կատարվում»։

Մեկ գործազուրկին ամսական 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում  պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի (92 հազ. դոլար) լրացուցիչ ծախս։ Արցախի կառավարությունը հաստատել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը, որով նախատեսվում է օժանդակել տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին՝ աշխատատեղերի պահպանման ու աշխատավարձի և այլ եկամուտների վճարման հարցում։ Նախատեսվել է աջակցության երկու ծրագիր՝ միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն