ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 10-14-ը կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, ովքեր ընդգրկվեցին 2 տարիքային խմբերում։ Ժյուրիի որոշմամբ՝ Կրտսեր խմբում առաջին մրցանակ չտրվեց, փոխարենը երկու մասնակից՝ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը (երկուսն էլ սովորում են Արփինե Կալինինայի կոմպոզիտորական դասարանում), կիսեցին երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ հորիզոանականը զբաղեցրեց Շավարշ Սիրեկանյանը (դաս․՝ Աշոտ Ղազարյան)։ Ավագ խմբում երրորդ հորիզոնականը կիսվեց երկու մասնակցի՝ Էրիկա Մարկոսյանի (դաս․՝ Արմենուհի Կարապետյան) և Սյուզաննա Աղամալյանի (դաս․՝ Նաիրա Դիվանյան) միջև, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արսեն Գարսոյանը (դաս․՝ Արփինե Կալինինա)։ Դե իսկ այս խմբում երկու մասնակից միավորների բացարձակ հավասարությամբ՝; հաղթողներ ճանաչվեցին։ Էդգար Մխիթարյանն (դաս․՝ Մարիա Ղուշչյան) ու Ալեքս Գևորգյանը (դաս․՝ Վաչե Շարաֆյանը), ովքեր բացի պատվոգրերից, մրցույթի անվանական արձանիկներից, խրախուսական նվերներից, ինչը ստացել են բոլոր մրցանակակիրները, պարգևատրվեցին նաև դրամական պարգևներով։ Դրամական խրախուսանքով պարգևատրվեցին նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները։ Նշենք, որ պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրվեցին նաև մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները։

Գալա համերգը, որը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և համատեղ աղոթքով, տեղի ունեցավ Դիլիջանի Լ․Վ․Բեթհովենի անվան համերգասրահում։ Եվ քանի որ տարին հոբելյանական էր, ուստի երեկոյի ընթացքում բացի մրցանակակիրներից,  իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ԵՊԿ դասախոս, երգչուհի Լուսինե Կչոզյանը, ինչպես նաև Տավուշի թեմի ՏաԼույս մանկապատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Գալստյան)։

Նշենք, որ մրցույթի առաջին փուլը կայացել էր Երևանում՝ մայիսի 10-ին, երկրորդ փուլը՝ Դիլիջանում՝ մայիսի 12-ին։ Մայիսի 12-14ը երեխաներն իրեն ուսուցիչների, ծնողների հետ միասին հանգրվանել էին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ նրանց համար կազմակերպվել էին նաև վարպետության դասեր, դասախոսություններ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանի մասնակցությամբ։ Բացի վերը նշված մշակութային գործիչներից, այս տարի մրցույթի Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն