Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, մայիսի 20-ը՝ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի օրը, երբ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր։ Հայաստանի բոլոր թանգարաններն ամեն տարի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում այս օրերին՝ անվճար բացելով իրենց դռներն այցելուների առջև։

 «Չեմ կարող առանձնացնել՝  ինչ խնդիրներ կան, քանի որ բոլորն էլ կարևոր են ու առաջնային»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն է։ Փոխնախարարը կարևորում է թանգարանների առաջնային խնդիրները, բայց ամենակարևորը, թերևս, ցածր աշխատավարձն է համարում։

Թանգարաններում աշխատում են մարդիկ, որոնց աշխատավարձը տատանվում է 70-90 հազար դրամի սահմաներում։ Բայց իրենց գործի այդ նվիրալները երկու օր շարունակ թանգարանների դռները անվճար կբացեն բոլոր այցելուների համար, ասում է Ալֆրեդ Քոչարյանը։

Ինչպես ասում են՝ գիշեր է գալու, թեժ է լինելու. խոսքը, իհարկե, թանգարանային գիշերվա մասին է․ «Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրով: Ծրագրին միացել են 116 թանգարան՝ Հայաստանից ու Արցախից»։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Ավետիսյանն տեղեկացրեց, որ տարին իսահակյանական է լինելու։ Տոնելու են տուն-թանգարանի հիմնադրման 65 և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակները: Ցուցահանդեսով են ներկայանալու։ Այցելուները ծանոթանալու են Իսահակյանի ճամփորդական իրերին և ոչ միայն․

«Վարպետի կնոջ՝ Սոֆյա Իսահակյանի մասին ֆիլմ ենք պատրաստել, որը պարունակում է բացառիկ կադրեր և տեղեկատվություն։

Տիկին Սոֆին մաքոքագործության վարպետ էր, և այցելուները փորձելու են տիկին Սոֆիի ձեռագրով զարդ պատրաստել ու ֆիլմը դիտել՝տեղեկանալով Իսահակյանների կանանց գործունեության մասին։ Իսահակայանի ստեղծագործությունների հիման վրա մոնոներկյացում ենք բեմադրելու»։

Իսկ այն կազմակերպությունները, որոնք տուն-թանգարանի հետ հուշագիր կկնքեն, կարող են արտոնյալ պայմաններով օգտվել կրթական ծրագրերից: Իսկ մարզերի բնակիչներին, հասարակության խոցելի խմբերին ավելի հասանելի դառնալու նպատակով տուն-թանգարանը նաև ակտիվ կլինի առցանց հարթակում:

Իսկ իրական հարթակում թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար հանրապետության թանգարանների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով: 

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից։ Հայաստանի Հանրապետությունը «Թանգարանային գիշերվա» միջոցառումներին միացել է 2005 թ-ից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն