Խնդրի բացահայտումը կարևորվում է ոչ միայն նրանով, թե ինչ նշանակություն է ունեցել Փոքր Հայքի (այսուհետև նաև՝ հայոց, հայկական) զորքը Պոնտոսի համար, այլև նրանով, որ կարելի կլինի լրացնել Փոքր Հայքի պատմության մի կարևոր էջը ևս:

Փոքր Հայքի զինված ուժերին պատմագիտության մեջ անդրադարձել են հպանցիկ՝ Միհրդատ VI –ի բանակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:

Մինչև Միհրդատ VI պոնտական բանակը հիմնականում կազմվում էր օտարերկրացի վարձկաններով, մասնավորապես՝ գաղատներով և հույներով (1):

Միհրդատ VI –ի գահ բարձրանալու պարագաները, երկար տարիներ Փոքր Հայքում անցկացնելը, Փոքր Հայքի արքա Անտիպատրոսի օգնությամբ Պոնտոսի գահը վերագրավելը, ամենայն հավանականությամբ նրան համոզել են այն բանում, որ հայկական ուժերն արտակարգ մարտունակ են և պիտանի գործուն քաղաքականության համար: Եվ նա իր գահակալության ամբողջ ընթացքում, բոլոր պատերազմներում, օգտագործել է հայոց զորքի մարտական բարձր ընդունակությունները:

Հայկական ուժերի մասին ուշադրության արժանի տեղեկություն կա Օլվիայի մի արձանագրությունում, որտեղ, ի թիվս այլ իրադարձությունների, խոսվում է նաև Սինոպեից Օլվիա հայերի (արմենների) կայազոր տեղափոխելու մասին (3):

Պատմագիտության մեջ այդ տեղեկությունն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ծնել տարբեր ենթադրություններ:

Մ. Ռոստովցևը և Ա. Վիլհելմը ենթադրում են, որ խոսքը վերաբերում է Սինոպե փոխադրված արմեն, այսինքն՝ հայ զինվորներին (4):

Ս. Ժեբելևը Օլվիայի արձանագրությանն անդադարձլ է Ռոստովցևից և Վիլհելմից հետո և մանրամասն վերլուծել այն: Մերժելով արձանագրության մեջ հիշատակվող արմենների հայ լինելը, նա գտնում է, որ խոսքը վերաբերում է Սինոպեի արվարձան և նավահանգիստ Արմենե քաղաքի հույն բնակչությանը և դա անում է բավական միամիտ կերպով: Ահավասիկ՝ Ժեբելևը գտնում է, որ եթե արձանագրության մեջ հիշատակվող ՚Αρμένιοι –ի մոտ գրված լիներ ինչ-որ սահմանափակող բառ, ասենք՝ «մասը» (օրինակ՝ «արմենների մի մասը» -Ս.Կ.) կամ՝ «շատ» (օրինակ՝ «շատ արմեններ» - Ս.Կ.) ևն և նշվեր, թե Հայաստանի ո՛ր քաղաքից են վերաբնակեցվել՝ պարզ կլիներ, որ խոսքը հայերի մասին է, բացի այդ, գրում է Ժեբելևը, ինչպե՞ս կարելի է պատկերացնել հայերի Օլվիա վերաբնակեցնելը, որը Հայաստանից բաժանված էր ոչ միայն Սև ծովով, այլ նաև ցամաքի ընդարձակ տարածությամբ, վերջապես, ինչպե՞ս կվերաբերվեին օլվիացիները (որոնք հիմնական զանգվածով հույն էին) հայերին, որոնք հույների համար նույնպիսի «բարբարոսներ» էին, ինչպես և Օլվիայի վրա հարձակվող սկյութները (5):

Ս. Ժեբելևից հետո այդ խնդրին անդրադարձել են Մ. Մաքսիմովան (6), Ե. Մոլևը (7), Ն. Լոմոուրին (8):

Մ.Մաքսիմովան գրում է, որ Ս. Ժեբելևի հիպոթեզը սխալ է և «Օլվիական արձանագրությունում խոսքը գնում է ոչ թե Արմենեի բնակիչների, այլ՝ իբրև կայազոր, հավանաբար Փոքր Հայքից, Օլվիա վերաբնակեցված իսկական արմենների մասին» (9):

Ե.Մոլևը, վերլուծելով Ս. Ժեբելևի եզրակացությունները, իրավացիորեն ժխտում է դրանք և պարզորոշ ցույց տալիս, որ խոսքը գնում է հայ զինվորների մասին և ոչ թե Արմենեի բնակիչների (10):

Այդ ամենից հետո Ն Լոմոուրին, զարմանալիորեն, համառորեն շարունակում է պնդել, որ ըստ Ժեբելևի, արձանագրության մեջ հիշված են Արմենե քաղաքի բնակիչները (11): Լոմոուրին թաքնված կերպով ժխտում է զինվորների հայ լինելը («Ժեբելևն է այդպես ասում» սկզբունքով) և դրանով իսկ նմանվում է վրացի որոշ պատմաբանների, որոնք ժխտողական վերաբերմունք ունեն ամենայն հայկականի նկատմամբ:

Լիովին համաձայնելով Մ. Մաքսիմովայի և Ե. Մոլևի հետ և կասկածի նշույլ իսկ չունենալով, որ արձանագրության մեջ հիշատակվում են հայ զինվորները, ուզում եմ, այնուամենայնիվ, մի քանի նկատառումներ ևս նշել հօգուտ դրա:

1. Պարտադիր չէ, որ ՚Αρμένιοι –ի մոտ լիներ որևէ լրացում, ինչպես գտնում է Ժեբելևը: Առանց որևէ լրացման ՚Αρμένιοι նշանակում է «հայեր», ինչպես անտիկ շատ հեղինակների մոտ և չի կարող նշանակել Արմենեի բնակիչներ, ինչին դեռ կանդրադառնամ:

2. Զարմանալի է Ս. Ժեբելևի զարմանքը՝ հայերին տեղափոխելու փաստի վերաբերյալ: Չխոսելով և չնշելով այն պարագան, որ գաղթեր, բռնագաղթեր ինչքան ասես եղել են հին աշխարհում, նշեմ, որ հենց ինքը՝ Ժեբելևը, գիտե Փոքր Հայքի հայերին (12), սակայն բացառելով նրանց տեղափոխումը կամ գաղթեցումը, ինչը կլիներ բնական և հեշտ, խոսում է Մեծ Հայքի մասին՝ մոռանալով, որ Միհրդատը չէր կարող բնակչություն գաղթեցնել անկախ պետություն Մեծ Հայքից:

3. Ս. Ժեբելևը խոսում է ընտանիքներով հայերին բռնագաղթեցնելու անհնարինության մասին՝ ապացուցելու համար, որ արձանագրությունում հայերը չեն հիշված: Բայց դա անհեթեթություն է, որովհետև Օլվիայի արձանագրությունում խոսքը զինվորների մասին է և ոչ թե քաղաքացիական բնակչության մասին:

4. Ս. Ժեբելևը կասկած է հայտնում, թե օլվիացիները վատ կվերաբերվեին «բարբարոս» հայերին, սակայն դա էլ անհիմն է, որովհետև «բարբարոս» հայերը Օլվիա էին տեղափոխվել օլվիացիներին «բարբարոս» սկյութներից պաշտպանելու համար:

5. Ինչո՞ւ ՚Αρμένιοι ասելով պետք է նկատի ունենանք արմեններին, այսինքն՝ հայերին և ոչ թե Արմենեի բնակիչներին:

ա. այն պատճառով, որ Արմենեի իրական անվանումը պատմագրւթյան մեջ հիշվում է այլ ձևով, համենայն դեպս նրա մասին առաջինը հիշատակող Քսենոփոնը գործածում է ՙΑρμήνη – Հարմենե (13): Նույն ձևով է հիշատակում քաղաքը նաև

Սկիլաքսը, ինչը նշում է Ժեբելևն ինքը (14):

Այդ քաղաքը Հարմենե ձևով նշված է նաև հին հունարեն-ռուսերեն բառարանի 1-ին հատորում (15):

բ. Հարմենեի բնակիչներին նշելու համար սկզբնաղբյուրներում չէին գրի ՚Αρμένιοι, այլ կգրեին ՙΑρμηναίοι, որովհետև իգական սեռի η վերջավորությամբ քաղաքների բնակիչներին նշելու համար, աննշան բացառությամբ, գործածվում է եզակի թվում՝ αίος, հոգնակի թվում՝ αίοι վերջածանցը, օրինակ՝ Δωδώνη – Δωδωναίοι, Κυρήνη – Κυρηναίοι ևն:

Հետևաբար ՚Αρμένιοι նշանակում է միմիայն «հայեր» այնպես, ինչպես այդ բառը գործածել են Հերոդոտոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և ուրիշներ:

Ադպիսով, Օլվիայի արձանագրությունում խոսքը գնում է միայն և միայն հայ զինվորների, այն էլ՝ անկասկած Փոքր Հայքի զինվորների մասին, քանի-որ Պոնտոսը և Փոքր Հայքը կազմում էին Միհրդատ VI Եվպատորի պետության հիմնական կորիզը:

1984 թ. մայիսի 16-20-ը, Երևանում անցկացված, Արևելքում հելլենիստական մշակույթի խնդիրներին նվիրված համամիութենական 2-րդ գիտաժողովում Յու. Վինոգրադովի և Վ. Կադեևի ներկայացրած «Հայ աղեղնավորները Միհրդատ Եվպատորի ծառայության մեջ» զեկուցուման մեջ հեղինակները եկել են այն եզրակացության, որ 1970 թ. Խերսոնեսում հայտնաբերված մահարձանի բեկորի վրա հայ աղեղնավորների հրամանատարի մասին հիշատակությունը վերջնականապես լուծում է Օլվիայի արձանագրության շուրջ եղած վեճը՝ հօգուտ այն բանի, որ այնտեղ հիշատակված են հայերը (16):

Օլվիայի արձանագրության կարևորությունը կայանում է նրանում, որ հայ զինվորների մարտական հատկություններն այնքան բարձր էին, որ Միհրդատ VI Եվպատորը նրանց վստահում էր իր տերության ծայրամասերում գտնվող քաղաքների պաշտպանությունը:

Միհրդատի կառավարման սկզբնական շրջանում նրա բանակի թիվը փոքր էր՝ շուրջ 10-15 հզ. մարդ, ուստի և մ.թ.ա. 115 կամ 112 թ. Պոնտոսի և Փոքր Հայքի միավորման հետևանքով հայկական զինված ուժերը մեծացրին Միհրդատի բանակը (17): Ե. Մոլևը գտնում է, որ Միհրդատ VI-ի կողքիսյան արշավանքի (գահակալման 2-րդ տարում) հաջողությունը համարյա կիսով չափ կախված էր դրանում դաշնակից հայկական հեծելազորի մասնակցությունից (18): Հայկական զինուժի մասին այդ բարձր կարծիքը միանգամայն հիմնավորվում է, երբ հետևում ենք նրա գործողություններին Միհրդատ VI-ի հետագա պատերազմներում: Դրանք ցույց են տալիս, որ հայոց զորքը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն Միհրդատի գահակալման սկզբնական շրջանում, ինչպես գտնում է Ե.Մոլևը, այլև՝ հետագայում էլ:

Հայկական բանակի վճռական և կարևոր նշանակությունը լիովին բացահայտվեց Միհրդատյան I պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 89-84):

Այդ պատերազմի մարտական կարևոր գործողություններն էին Փոքր Ասիայոմ ՝ Ամնեյոնի (մ.թ.ա. 88 թ.), Պաքիոնի (մ.թ.ա. 88 թ.), Հունաստանում և Բալկայան թերակղզում՝ Քերովնեայի երկու (մ.թ.ա. 87 և 86 թթ.), Օրքոմենեի (մ.թ.ա. 86 թ.) ճակատամարտերը: Այդ բոլոր գործողություններում մեծ դեր է խաղացել հայոց զորքը, հիմնականում 10 000-անոց այրուձին՝ Միհրդատի որդի Արկաթիոսի գլխավորությամբ (19):

Ռազմական գործողություններում աչքի է զարնում մի օրինաչափություն. այն ճակատամարտերում, որտեղ պոնտական զորքերը սակավաթիվ էին և հիմնականում կազմված հայկական զորամասերից, հայերը կարևոր դեր են խաղացել հաղթանակի մեջ կամ նպաստել են հաղթանակին, իսկ պոնտական մեծաթիվ բանակի դեպքում, երբ հայերի կողքին կռվում էին նաև շատ ժողովուրդներից և ցեղերից կազմված զինվորներ, հայոց հեծելազորի հաջողությունը պաշտպանություն չէր գտնում այդ բազմալեզու, բազմացեղ և տարանպատակ հետևակի կողմից:

Ահավասիկ: Ամնեյոնի ճակատամարտում Բիթանիայի թագավոր Նիկոմեդեսի գերազանց ուժերի դեմ կռվում էին միմիայն պոնտական բանակի թեթևազենները և հայոց այրուձին: Ճակատամարտը, համառոտ, ունեցավ այսպիսի ընթացք: Մարտի սկզբում հայոց այրուձին նահանջեց Նիկոմեդեսի գերազանց ուժերի ճնշման տակ՝ իր ետևից տանելով Նիկոմեդեսի զորքը այնքան ժամանակ, մինչև պոնտական զորավար Արքելայոսը աջ թևից հարձակվեց հետապնդողների վրա: Երբ Նիկոմեդեսի զորքը շրջվեց դեպի Արքելայոսը, այդ ժամանակ հայոց այրուձին, Նեոպտղոմեոսի և Արկաթիոսի գլխավորությամբ, ետ շրջվեց ու հարվածեց Նիկոմեդեսի զորքի թիկունքին (20): Հայոց այրուձիի նահանջը ոչ թէ իրական էր, այլ արևելյան (հայկական, պարթևական ևն) հատուկ մարտավարություն. որի նպատակն էր՝ բացազատել հակառակորդի ուժերը, թուլացնել նրա դիրքերը, շեղել ուշադրությունը, ապա, շրջվելով, հանկարծակի հարված հասցնել նրան:

Ամնեյոնի ճակատամարտում հայոց այրուձին կիրառեց հենց այդ մարտավարությունը: Հայոց այրուձիի և պոնտական թեթևազենների հմուտ գործողությունները

փայլուն հաղթանակ բերեցին: Այդ հաղթանակի մասին Ապպիանոսը գրում է. «Քանզի հաղթեց սակավաթիվ զորքը իրեն չափազանց գերազանցող (զորքին) ոչ թե ինչ-որ ուժեղ դիրքի, պատահականության կամ թշնամու սխալի հետևանքով, այլ շնորհիվ զորավարների և բանակի քաջության» (ολίγοι τε γαρ πολύ πλειόνων εκεκρατήκεσαν, και ουδεμιά συντυχία χωρίων ή πολεμίου σφάλματος, αλλ՚ αρετή στρατηγών και ανδρεία στρατού») (21):

Պաքիոնի ճակատամարտում Միհրդատ VI-ի զորավար Նեոպտղոմեոսը և Փոքր Հայքից եկած զորավար Նեմանեսը արագ գործողություններով պարտության մատնեցին հպոմեական զորավար Մանիոս Աքվիլիոսի 44 000-անոց զորքին: Այդ ճակատամարտում հայոց այրուձին կիրառեց մարտավարական մեկ այլ հնարք՝ արագ ու անսպասելի հարձակումով ջախջախիչ հարված հասցրեց հռոմեական բազմաքանակ բանակին. այդ ճակատամարտում հայ և պոնտացի զինվորները կոտորեցին

10 000 հռոմայեցի (22):

Հունաստանում վարվող գործողությունների ընթացքում Արկաթիոսի գլխավորած հայկական զորքը ներխուժեց (մ.թ.ա. 87 թ.) Մակեդոնիա և պարտության մատնելով այդտեղ գտնվող հռոմեական զորքին՝ իրեն ենթարկեց Մակեդոնիան (23):

Քերովնեայի ճակատամարտում (մ.թ.ա. 86 թ.), որտեղ հայ-պոնտական զորքը պարտություն կրեց, հայոց այրուձին պոնտական հեծելազորի հետ կռվեց քաջաբար: Թեև հայ-պոնտական հեծելազորը արագ հարձակումով հռոմեական հետևակին կիսեց երկու մասի և սկսեց շրջապատել նրան, սակայն պոնտական զորավար Արքելայոսի հրամանով ետ վերադարձվեց (24): Արքելայոսի հենց այդ անվճռականությունն էլ, ըստ երևութին, վճռական դեր խաղաց Միհրդատ VI-ի բանակի պարտության մեջ: Հայ-պոնտական հեծելազորի հաջողությունը կարելի էր ամրապնդել հետևակի հարձակումով:

Հայոց այրուձին աչքի է ընկել նաև Օրքոմենեի ճակատամարտում (մ.թ.ա. 86 թ.), թեև պոնտական բանակը պարտվել է: Ապպիանոսի վկայությամբ, պոնտական հեծելազորի, այդ թվում՝ հայոց այրուձիի, պատճառած սարսափը այնքան մեծ էր, որ հռոմայեցի զինվորները դժկամությամբ էին կռվում նրա դեմ (25):

Ապպիանոսը հայոց զորքի մասին գրում է, որ այն ամենաուժեղն ու ամենաամբողջականն էր այն բոլոր զորքերից, որոնք Բալկաններ էր ուղարկում Միհրդատը (26):

Հռոմի շահերն արտահայտող պատմագրի այս հաղորդումը լավագույն վկայությունն է Փոքր Հայքի զինվորների բարձր համբավի մասին հին աշխարհում:

Այսպիսով, ուսումնասիրելով Փոքր Հայքի զինված ուժերի մասին այն տվյալները, ոտոնք վերաբերում են Միհրդատ VI-ի գահակալման սկզբնական և Միհրդատյան I պատերազմի ժամանակաշրջանին, կարող ենք անվերապահորեն արձանագրել, որ հայոց զորքը մարտունակ էր, ուժեղ, իր զինանոցում ուներ մարտավարական տարբեր հնարքներ, և այն կարևոր դեր է խաղացել Միհրդատ VI-ի ժամանակ, նպաստել արքայի արտաքին ռազմական և քաղաքական հաջողություններին, ինչը ընդունել են նույնիսկ օտարների հանդեպ հաճախ աչառու հռոմեացիները:

--------------

1. Е. Молев, Митридат Евпатор. Создание Черноморской державы, Саратов, 1976, стр.16, 18.

2. Մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 20: Նույնի, Малая Армения и Митридат Евпатор, в сб. Проблемы античной истории и культуры, ч. 1, Ереван. 1979, стр. 186.

3. Արձանագրության բնագիրը և նրա վերաբերյալ եղած որոշ կարծիքներ տե՛ս С.А. Жебелев, Ольвия и Мифрадат Евпатор (IosPE, I², 35), в сб. Северное Причерноморье, Москва-Ленинград, 1953, стр. 275-290.

4. Հմմտ.՝ С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ 277, 279:

5. Նույն տեղում, էջ 288-290:

6. М. Максимова, Античные города юго-восточного Причерноморья, Москва-Ленинград. 1956, стр. 226.

7. Е. Молев, նշվ. աշխ., էջ 51-53:

8. Н, Ломоури, К истории Понтийского царства, ч. 1, Тбилиси, 1979, стр. 91, 160.

9. М. Максимова, նշվ. աշխ., էջ 226:

10. Е. Молев, նշվ. աշխ., էջ 51-53:

11. Н, Ломоури, նշվ. աշխ., էջ 91, 160:

12. С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ 288:

13. Xen., Anab., VI, 1, 17. Քսենոփոնի «Անաբասիս»- ի հայերեն թարգմանության (Երևան, 1970) մեջ էլ, բնականաբար, թարմանված է «Հարմենե» (էջ 139):

14. С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ 289:

15. Древнегреческо-русский словарь, т.1, Москва, 1958, стр. 236.

16. Տե՛ս Второй всесоюзный симпозиум по проблебам эллинистической культуры на Востоке, «Вестник древней истории», 1985, № 3, стр. 193.

17. Е. Молев, Малая Армения.... стр. 188.

18. Նույն տեղում, էջ 188-189: Նույնի, Митридат Евпатор....., էջ 26:

19. App., Mithr., 17-18.

20. Նույն տեղում, 18:

21. Նույն տեղում, 19: Այդ հաղթանակի մասին տե՛ս նաև Strabo, XII, III, 40.

22. App., Mithr., 19.

23. Նույն տեղում, 35.

24. Նույն տեղում, 43. Հմմտ. նաև՝ Plut., Sulla, XIX.

25. Հմմտ.՝ App., Mithr., 49.

26. Նույն տեղում, 41:

Հայկական հանրագիտարանի

նախկին ավագ գիտական խմբագիր

Սեդրակ Կրկյաշարյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն