Դիվանագիտությո՞ւն, թե՞ ոչ այնքան. պե՞տք էր արդյոք Փաշինյանի այցը Թուրքիա
Հայաստանի վարչապետն Անկարայում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Թելեգրամյան ալիքները լուսանկարներ են տարածում, որտեղ շաբաթ օրը, Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո, Փաշինյանն ու Ալիևը զրուցում են։ Լուսակնկարներից մեկում երևում է, թե ինչպես է Հայաստանի վարչապետն ինչ-որ բան պատմում, իսկ Ադրբեջանի նախագահը ծիծաղում է։
Փաշինյանը կարճ զրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահի հետ։ Հայաստանի վարչապետն Անկարա էր գնացել նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Այս այցը միանշանակ չի ընդունվել Հայաստանում։
Թուրքիան որոշակի քաղաքականություն ունի ու դրա փոփոխությունն անհնարին է՝ թե Թուրքիայում իշխանության փոփոխությամբ, թե մեկ այլ երկրի կողմից Թուրքիային սիրաշահելու փորձերով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար Թուրքիա մեկնելու փաստին․
«Ես կարծում եմ՝ սխալ էր գնալը, երկրորդը՝ այն ոչ մի բան չտվեց»։
Թուրքիան առաջնորդվել և շարունակելու է առաջ ընթանալ կոնկրետ քաղաքականությամբ, հետևաբար, մասնակցել մեկի երդմնակալությանը ու շնորհավորել նրան, որը գրեթե ամեն օր հպարտանում է, որ իր օգնությամբ, իր Բայրաքթարների շնորհիվ Ադրբեջանը գրավել է Արցախը, թուրքագետի ձևակերպմամբ, ծայրագույն սխալ է․
«Նա պետք է իր վերաբերմունքը ցույց տար, ոչ թե սիրաշահելու ինչ-որ փորձեր աներ։ Տեսանք նաև, որ այդ երդմնակալության ժամանակ Հայաստանի վարչապետին նստեցրել էին երկրորդ շարքում՝ Իլհամ Ալիևի ետևում, և դա էլ, իհարկե, պատահական չէր»։
Ինչո՞ւ էին Փաշինյանին նստեցրել այն աթոռին, որը գտնվում էր Ալիևի թիկունքում՝ սա տարակուսելի է համարում նաև ԱԺ ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը արտգործնախարար Միրզոյանին է դիմել այս հարցով՝ հիշեցնելով, որ Թուրքիայում կարևորում են խորհրդապաշտությունը.
«100-ավոր աթոռների մեջ նստեցնել հենց այն աթոռին, որը գտնվում է Ալիևի թիկունքում, եկեք ընդունենք, որ դա պատահականություն լինել չէր կարող»։
Արարատ Միրզոյանը ընդդիմադիր պատգամավորի տարակուսանքն անտեղի է համարում։ Էրդողանի երդմնակալությանը Փաշինյանը երկրորդ շարքում էր, քանի որ արարողակարգն էր այդպես. պարզաբանել է արտգործնախարարը․
«Դա շատ արարողակարգային մոտեցում է։ Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին նստած։ Նույնիսկ նշվեց Թուրքիայի նախագահի կողմից բոլորին նշել-չնշելու մասին։ Ի՞նչ ասեմ, կարծում եմ, որ Հունգարիայի վարչապետ Օրբանը պակաս կարևոր մարդ չէ նախագահ Էրդողանի համար և որևէ տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս»։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքագետները կարևորում են, սակայն, կարծում են, որ դա պետք է արվի առանց նախապայմանների։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, մինչդեռ, այն նախապայմանները, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ական թվականներին, այսօր ավելի սպառնալից են դարձել.
«Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը»։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն խորհրդարանին վստահեցրեց, որ Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որևէ նախապայման առաջ չի քաշել․
«Երկու կողմերն էլ, ձեզ քաջ հայտնի է, բազմիցս հայտարարել են, ընդգծել են, որ նախապայմաններ չկան։ Մեր նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս կարծիքներ ու տեսակետներ են հնչել այդ մասին։ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցը երբևէ այս քննարկումների մաս չի կազմել ցայսօր: Չկա օրակարգում այդպիսի հարց ուղղակի»։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանը արդեն տեղի է տվել թուրքական նախապայմաններին։ Նախկինում Թուրքիան երեք նախապայման ուներ՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին, Թուրքիայի սահմանների ճանաչումը Կարսի պայմանագրով և ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը։
Ըստ Լոքմագյոզյանի՝ «Նեմեսիսի» հուշարձանի հետ կապված պատմությունն էլ նոր նախապայման է․ «Իրենք դեռ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչ-որ տարածքների մասին։ Այսինքն, խաղաղությունը այդպես չի լինում։ Մեկին ստորացնելով խաղաղությունն, ի միջիայլոց, դա վերջնական խաղաղություն երբեք չի լինելու»։
Նման պայմաններում, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, Հայաստանից Թուրքիային ուղղված բոլոր, այսպես ասած «ռեվերանսներն» անօգուտ են։ Ըստ նրա՝ պատմությունն էլ ցույց է տվել, որ Թուրքիան ու թուրքերը զգաստանում և անգամ հարգում են միայն այն դեպքում, երբ ուժի ցուցադրություն են տեսնում, եթե անգամ դու չունես այդ ուժը։ 1918-ին էլ, ըստ թուրքագետի, Հայաստանը շարունակ խաղաղություն էր առաջարկում, բայց թուրքերը ծանրացնում էին՝ ավելին պահանջելով։ Խաղաղության գնացին միայն, երբ ուժը տեսան Սարդարապատում։