Եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ հակասությունների կծիկ է․ քաղաքագետ
Զրոյական արդյունքով խաղ, որը չունի որևէ փոխզիջում` հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ բերված «Զանգեզուրի միջանցք» կոչվող թուրք-ադրբեջանական թեզն այսպես է բնութագրում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, շեշտելով` այս խաղում հաղթելու է մեկը, պարտվելու է մյուսը։ Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքային տրամաբանությունը երբեք չի կարող հանգեցնել որևէ փոխզիջման կամ հարևան երկու երկրների միջև համագործակցության։
«Մենք ամբողջությամբ այլ աշխարհաքաղաքական համատեքստում ենք, տարբեր քաղաքակրթություններ ենք և ունենք հակամարտության այլ պատմություն։ Մենք գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում, որտեղ իրականում որևէ գերտերություն նպատակ չունի վերջնականապես այս խնդիրը լուծելու. սա միշտ մնալու է լեգիտիմ առիթ, որպեսզի յուրաքանչյուր գերտերություն իր ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում մեծացնելու հնարավորություն ունենա, իսկ դրա համար միջազգային դերակատարներին պետք են «տաք» կետեր, չլուծված խնդիրներ։ Հայ-ադրբեջանական բանակցային խնդիրը փոխզիջումային և բարի դրացիական հարաբերությունների հաստատման կոնտեքստում դիտարկելը քաղաքական և աշխարհաքաղաքական առումով անհեթեթություն է։ Սա նախադեպը չունեցող իրավիճակ է»,- ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
Սուրեն Պետրոսյանի կարծիքով` քաղաքականությունը իրավական սակարկությունների և իրավական մեխանիզմների ամբողջություն չէ։
«Մենք գործ ունենք ազգերի, մարդկանց, պատմականության և նկրտումների հետ, նաև խորքային բազմաթիվ այլ համակարգերի և գործառույթների հետ, ուստի հակամարտող կողմերի միջև ծագած ճգնաժամերը միայն թղթով, իրավական մեխանիզմների կիրարկման խնդիր չեն, որոնք միջազգային իրավունքին համահունչ իրավական լուծման միջոցով կարող են հարթվել։ Այս խնդիրները երբեք չեն վերանալու, դրանց լուծումը տեսականորեն հնարավոր չէ։ Սակայն, առողջ քաղաքական միտք ունենալու դեպքում, այսօրինակ տարածաշրջանը և քաղաքակրթական նման ճգնաժամերը նախևառաջ յուրաքանչյուր պետության և ազգի համար մեծ հնարավորություն են` էլ ավելի կենսունակ, մրցունակ ու հավակնոտ լինելու և դառնալու համար։ Ցավոք 30 տարի այս իրողությունը ներկայացվել է որպես մարտահրավեր, բայց ոչ երբեք որպես հնարավորություն։ Սա է պատճառը, որ նման իրավիճակում հայտնված ազգերն ու պետություններն ընդունում են ցանկացած օրակարգ։ Այստեղից սկսվում են քաղաքակրթական մեծագույն սխալները»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։
Այս փուլում, հաշվի առնելով բոլոր իրողությունները «Զանգեզուրի միջանցք» կոչվող ադրբեջանաթուրքական թեզի շուրջ, կա Արևմուտքի, Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը` ասում է քաղաքագետը.
«Արևմուտքի համար «միջանցքը» շատ կարևոր է, քանի որ նվազեցվում է Իրանի դերը տարածաշրջանում։ Ադրբեջանը ստիպված չի լինելու Նախիջևանը Ադրբեջանին Իրանի տարածքով միացնել։ Դրա փոխարեն միջազգային դերակատարները նախընտրությունը վերապահել են Հայաստանին, որը 44-օրյա պատերազմից հետո բավականին խոցելի իրավիճակում է։ Ռուսական կողմն էլ այս պահին պատրաստ է գնալ հավելյալ զիջումների, երաշխավորելով կամ ապահովագրելով համագործակցությունը Թուրքիայի հետ։ Թուրքական կողմի համար միջանցքի առկայությունն է կարևոր։ Թե դրա նկատմամբ վերահսկողությունը ո՞ր երկիրը կստանձնի, առայժմ երկրորդական է, ցանկացած պահի իրավիճակը հնարավոր է շտկել»։
Քաղաքագետը նշում է, որ Թուրքիայի համար հստակ է հետևյալը. եթե նույնիսկ տվյալ «միջանցքի» վերահսկողույթունն այս պահին իրականացնում է ռուսական կողմն, ապա միևնույն է, ինչ որ մի պահի Անկարան խորքային ռազմավարական քաղաքականության շնորհիվ կվիճարկի դա, և ռուսական վերահսկողությունը կփոխակերպվի թուրքականի։ Սուրեն Պետրոսյանը, որպես օրինակ դիտարկում է դեռևս խորհրդային տարիներին հայկական կողմին ներկայացված միջանցքի պահանջը, որն այդ ժամանակ չի իրագործվել։ Ասում է, որ թուրքերը երկարաժամկետ ռազմավարության իրենց տեսլականում վստահ են եղել, որ Ռուսաստանն ինչ որ պահի պատրաստ է լինելու զիջման։ Ըստ քաղաքագետի` ներկա իրողությունների պայմաններում «միջանցքի» գործարկման շուրջ կա կոնսենսուս, սակայն միևնույն ժամանակ տարածաշրջանի խոշոր դերակատարներին այս ծրագիրն իրագործելու համար կա նաև խանգարող «հանգամանք»։ Սուրեն Պետրոսյանի կարծիքով` Իրանի Իսլամական Հանրապետությունն է այն կռվանը, որը նաև լուրջ խոչընդոտ է տարածշրջանում Թուրքիայի ծրագրերի լիարժեք իրագործման համար։
«Իրանը և Ռուսաստանը խորքային կախվածության մեջ են միմյանցից, «կարմիր գծեր» սահմանողն այս դեպքում իրանական կողմն է, և Մոսկվան, որպես տարածաշրջանային դերակատար, պատրաստ չէ շրջանցելու դրանք, քանի որ Ռուսաստանի Դաշնության համար Իրանի հետ հարաբերությունների խզումը նույնչափ կործանարար կլինի, որքան Թուրքիայի հետ կապերի խզումը»։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ավարտի եռակողմ հայտարարությանը և դրա դրույթներին, ապա Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ ի սկզբանե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի գործում, այդ փաստաթուղթը ամբողջությամբ հակասությունների կծիկ է, և փաստաթղթի հիմքում դրված ընդհանուր սկզբունքը խախտված է։
Եռակողմ հայտարարությամբ ընտրովի փորձում են իրականացնել որոշակի կետեր, որոնք բխում են միայն ադրբեջանական կողմի շահերից` կարծում է քաղաքագետը։