Չհամաձայնեցված առնվազն չորս հարց և մեկ խոչընդոտ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում․ դրանց մասին խորհրդարանում խոսել է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Գլխավոր խոչընդոտը, ըստ Վահան Կոստանյանի, սահմանային լարվածությունն է, իսկ անհամաձայնությունները սկզբունքային հարցերի շուրջ են՝  սահմանազատում, երաշխավորների ինստիտուտ, Բաքու–Ստեփանակերտ երկխոսություն։ Չնայած տարաձայնություններին՝ բանակցությունները շարունակվում են, և հայկական կողմը  պատրաստ է ցանկացած հանդիպման ցանկացած ձևաչափով՝ վստահեցրել է փոխարտգործնախարարը։

Հայաստանն Արցախի հետ կապող Հակարիի կամրջին տեղի ունեցածի և Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու գործում, ըստ տարածված տեսանյութի, ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների առերևույթ համագործակցության հարցով Հայաստանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Ռուսական կողմը դեռ որևէ կերպ չի արձագանքել միջադեպին և Հայաստանի արտահայտած դժգոհությանը, Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես փակագծեր չի բացում։

«Միջադեպը քննվում է, ՀՀ ԱԳՆ–ն այդ թվում նաև իր դժգոհությունը և մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների»։

Դրոշի տեղադրման փորձը Հակարիի միջանցքում հունիսի 15–ին էր, դրանից առաջ և հետո Ադրբեջանի սադրած միջադեպերը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին հաճախակիացել են։ Իսկ դա արդեն իր ազդեցությունն է թողնում բանակցային գործընթացի վրա։ Բացի վաշինգտոնյան հետաձգված հանդիպումից, որի նոր ժամկետն առաջիկայում կհրապարակվի, ըստ Վահան Կոստանյանի, սահմանային կրակոցներն իրենց հետքն են թողնում նաև ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի աշխատանքային խմբի աշխատանքի վրա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հստակ նշել է, որ շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե սահմանին հանգիստ լիներ։ Այդ պատճառով կողմերը դադարներ են վերցնում, փորձագետներին ներգրավում, ցանկացած առաջարկ և որոշում ե մանրակրկիտ վերլուծում են, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես նախատեսվում է։

Օվերչուկը նշել է, որ փաստաթղթի նախագիծն արդեն կա ու աշխատանքային խմբի մակարդակով  գրեթե համաձայնեցված է, սակայն լուծված չէ գլխավոր հարցը, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները շփվելու սահմանը հատելիս։

Փոխվարչապետերի աշխատանքային խմբի պատկերացումներով՝ տարածաշրջանի ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուց։ Դեռ բաց է հարցը, թե ով է իրականացնելու ապաշրջափակված ճանապարհների վերահսկողությունը։ Երեք կողմերից մեկը պնդում է, որ վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը։ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետի սահմանումների հայկական ընկալումները փոխանցում է փոխարտգործնախարարը․

«Նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից, խոսվում է ավելի շատ մոնիտորինգի ֆունկցիայի մասին, որը ռուսական ФСБ-ն պետք է իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողության։ Բայց ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների շրջափակմամբ, որովհետև կարծում ենք, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ հեռանկար ունի։ ՀՀ համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները։ Մինչ այսօր մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»։ 

Բանակցող երեք կողմից որի՞ դիրքորոշումն է ապակառուցողական․ ապաշրջափակմանը վերաբերող քննարկումներում այս հարցի պատասխանը հրապարակայնորեն  երբեք չի հնչում։ Բայց Ռուսաստանի փոխվարչապետի վերջին հարցազրույցը որոշակիորեն լույս է սփռում այս թեմայի վրա։ Հիմնվելով ձևավորված համապարփակ փաստաթղթի վրա՝ Ռուսաստանի փոխվարչապետն ասել է․

«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ,  երթուղով և ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից՝ որոշվում ն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հատման կարգի հիմնական մոտեցումները։ Կողմերից որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածներ գտնվելու են այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այդպիսով՝ այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»։

Փաստորեն՝ Հայաստանի փոխարտգործնախարարը և Ռուսաստանի փոխվարչապետը խոսում են նույն խնդիրների ու փաստաթղթում նույն սկզբունքների ամրագրման անհրաժեշտության մասին՝ առանց խոչընդոտողի հստակ անունը նշելու։

Ավելի գլոբալ՝ «Խաղաղության պայմանագրում», չհամաձայնեցված կետերը ավելի շատ են և ոչ պակաս սկզբունքային։ Փոխարտգործնախարար Կոստանյանը թվարկում է դրանք և նշում այն հիմնական խոչընդոտը, որն այս փուլում էլ ավելի է հեռացնում կողմերի դիրքորոշումները։ 

«Քարտեզի ֆիքսման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հետ կապված, ցավոք սրտի, դեռևս չկա համաձայնություն, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից։ Լարվածությունը, թե՛ ՀՀ սահմանին և կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ–ում միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ»։

Արդյո՞ք բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ցույց է տալիս իր նկրտումները  ՀՀ տարածքի նկատմամբ՝ հարցին Կոստանյանը պատասխանում է․

«Այն դետալները, որոնք երբեմն իրենց կողմից հայցվում են, դրանք որոշակի մտահոգություններ են մեզ համար պարունակում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի ընկալումներով՝ ամենամեծ խնդիրը, որ խանգարում է բանակցություններին, վստահությունն է։ Ասում է՝ դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց շեշտում է՝ բոլորն են հասկանում, որ խաղաղությունն այլընտրանք չունի։

Արտգործնախարարների վաշինգտոնյան այցը հետաձգելուց հետո Ադրբեջանն ամեն օր լարում է իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմանին։ Վաշինգտոնյան բանակցությունների նոր ժամկետի շուրջ  քննարկումները դեռ ընթանում  են։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ պայմանավորվածություն ունենալուն պես նոր ժամկետի մասին կհաղորդվի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն