Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցասրահների վերաբացման առիթով. «Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի, և հատկանշական է, որ հանրությունը զգացել է փակ ցուցասրահների ազդեցությունը: Հետևաբար, Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը նույնպես պետք է զգանք բոլորս, և ակնկալվում է, որ այդ ցուցասրահները պետք է չդատարկվեն: Այստեղ մենք պետք է հյուրընկալենք մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին, այն պետք է դառնա մեր երեխաների, տարբեր բնակավայրերում ապրող քաղաքացիների սիրելի վայրերից մեկը: Շատ ուրախ եմ, որ այսօր խոսում ենք հենց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման մասին: Ազգային պատկերասրահում գործող մշտական ցուցադրության առկայությունը ևս մեկ անգամ նշանավորում է Հովհաննես Այվազովսկու այն մեծ ժառանգությունը, դերը և նշանակությունը, որն ունեցել և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Կառավարության համար Ազգային պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի նշմամբ՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:

«Այս պահին կանգնած ենք հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են»,- ասել է պատկերասրահի տնօրենը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր: Սրահներում ցուցադրված են հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:

Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք: Ներկայացված ստեղծագործություններն ուրվագծում են վարպետի անցած արարման բազմաբեղուն ուղին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն