Թատրոնը փոխում է մարդուն. ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագիրը
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:
Հաշվետու ներկայացումներին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը ողջունել է մասնակիցներին և ընդգծել՝ այն բոլոր ծրագրերը, որ հնարավորություն են տալիս երեխաներին առնչվելու արվեստին, պետք է դարձնել ավելի հասանելի ու ներառական։ Այլ նախագծերի իրագործման ճանապարհին Ժաննա Անդրեասյանն այս ծրագրի փորձառությունն անգնահատելի է համարել. «Սա անմոռանալի փորձառություն է նաև երեխաներից յուրաքանչյուրի համար։ Եվ ակնհայտ է՝ պետք է շատ սիրես այն աշխատանքը, որով զբաղվում ես, որպեսզի ամառվա այս օրերին, երբ բոլորն անելիքները կրճատում են հանգստանալու տրամադրությամբ, գաս և օրդ լցնես թատրոնով։ Թատրոնը փոխում է մարդուն, և մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչքանով է առնչվել թատրոնին, կարծում եմ՝ իր վրա զգացել է փոփոխությունները, որ թողել է որևէ լավ ներկայացում։ Սա է ամենակարևորը։ Այս երեխաներից շատերը կընտրեն թատրոնը, շատերն էլ կգնան այլ ճանապարհով։ Բայց այստեղ նրանք ստացել են հնարավորություն՝ միասին մտածելու, աշխատելու և ստեղծելու, ինչը կօգնի ամենաբարդ խնդիրներին ճիշտ առնչվել»։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի գնահատմամբ ևս «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» ծրագիրը բացահայտում է հանրակրթական դպրոցների աշակերտների պոտենցիալը և նրանց տալիս է հնարավորություն՝ իրականություն դարձնելու սեփական երևակայությունը։
Որպես ծրագրի այս փուլի եզրափակում՝ խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին ներկայացրել են նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները:
Ավարտին ԿԳՄՍ նախարարը մասնակիցներին պարգևատրել է շնորհակալագրերով։
Ծրագրի այս փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 9-ը, մասնակցել են 70 աշակերտ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Հիմնական թիրախային խումբը ավագ դպրոցների աշակերտներն են։ Երկշաբաթյա նախագծի ընթացքում մասնակիցներն աշխատել են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունեցել է պարի, մնջախաղի և մյուզիքլի խմբեր։
Նշենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոնի համակարգային կառուցվածքը։