«Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով կամփոփվի «Ոսկե ծիրան»-ը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։
Երևանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը, ստանձնել է Երևանում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների կյանքի կոչման աջակցությունը:
«Սիմֆոնիկ Երևան» դասական երաժշտության բացօթյա գալա համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Ուիլյամսի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: