Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա օգոստոսի 16–ին՝ Երևանի ժամանակով ժամը 23-ին։ Արտահերթ նիստ գումարելու առաջարկով միջազգային բարձր կառույցին օրեր առաջ Հայաստանը դիմել էր՝ ներկայացված հարցի վերաբերյալ բանաձևի ընդունման ակնկալիքով։ Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ քվեարկության ժամանակ ստանալ նվազագույնը 9 «կողմ» ձայն։ Քննարկումը փակ չէ և ուղիղ հեռարձակվելու է ՄԱԿ պաշտոնական կայքում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը արդեն մեկնել է Նյու Յորք։ ԱԽ–ում նա է ներկայացնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ Որքան էլ Հայաստանն ու Արցախը, միջազգային փորձագետները միջազգային հանրությանը անարդյունք ահազանգում էին ահագնացող աղետի մասին, ՄԱԿ ԱԽ նիստից առաջ փաստացի իրավիճակն այն է, որ Արցախում արդեն սովամահության դեպքեր են գրանցվել։

Շուրջ 4 ամիս է պահանջվել ՀՀ արտգործնախարարությունից ՄԱԿ–ի ԱԽ դիմելու նախապատաստական աշխատաների համար։ Նախորդ փորձերը հաշվի առնելով, աշխատել են բոլոր՝ 5 հիմնական և 15 ոչ մշտական անդամ–պետությունների հետ։ Սակայն, ինչ դասավորվածություն կլինի քննարկման, ապա՝ քվեարկության ժամանակ, հայ դիվանագետները դժվարանում են կանխատեսել։ Ամեն դեպքում՝ դիմումից հետո Արցախում գրանցվել են նոր ողբերգական դեպքեր։ Ավելանում են միջազգային փորձագետների գնահատականները, ինչը քննարկումից առաջ կարևորում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

 «Միջազգային իրավաբանների կարծիքը, կարծում եմ, մեծ դերակատարում կունենա մեր կողմից ձևավորված մոտեցումների առաջ մղմանը, որովհետև նաև միջզգային մամուլը դրա հիման վրա շատ լավ լուսաբանում է իրականացրել։ Մեր ակնկալիքը ՄԱԿ ԱԽ–ից այն է, որ փետրվարին և հուլիսին վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումներով պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանձնարարությունն Ադրբեջանը կատարի՝ միջազգային պարտավորությունները կատարելու համատեքստում։ Այն է՝ Լաչինի միջանցքը անարգել գործի մարդկանց և քաղաքացիական բեռների համար։ Սպասենք, տեսնենք քննարկմանը, որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ արդյունքներ կլինեն, ոչ ոք չի կարող ասել, թե հիմա ինչ դասավորվածություն կունենանք ՄԱԿ ԱԽ–ում»։

Արցախում ստեղծված իրավիճակը ՄԱԿ–ում ներկայացնելու է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Դրան զուգահեռ նախարարը նաև տեղում կբանակցի կառույցի անդամ–պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների հետ՝ ակնկալվող արդյունքը ապահովելու համար։

Ծանոթ լինելով ԱԽ անդամ–պետությունների աշխատանքային մեխանիզմին, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ահազանգում է լուրջ վտանգի մասին։ ԱԽ դիմելու քայլը նա ճիշտ է համարում, բայց զգուշացնում է՝ Հայաստանի պատվիրակությունը հենց Նյու Յորքում պետք է կարողանա վերահսկողության տակ պահել գործընթացը։ Խոսքը նույն կառույցում Ադրբեջանի պատասխան քայլերի հնարավոր հետևանքների մասին է։ Նախկին արտգործնախարարի խոսքով՝ ինքն անգամ պատկերացնում է Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական ենթադրյալ փաստաթղթի բովանդակությունը։

 «Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ–ի ԱԽ կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու ամրագրման դիմաց բացել Լաչինի ճանապարհը։ Չկասկածեք, Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ ԱՄն–ն, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, նույնպես կպարտադրեն Հայաստանին ու Ադրբեջանին գնալ այս առևտրին, Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևի իր համաձայնությունը տա, նրանք կարող են հղում անել Պրահայի հայտարարության վրա։ Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ինքնորոշման որևէ ձգտմանը, որովհետև ԱԽ կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի հիմնավորումները, նորմերը, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Սա կլինի մի այնպիսի նախադեպ, որ սրա տակից մենք իսկապես ազգովի երբեք չենք կարողանա դուրս գալ»։

Պրահայի հայտարարությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու մասին հայտարարություններն ընդամենը քաղաքական են, Հայաստանից հնչող բոլոր մտավախություններին հակադարձում է դեսպան Մարուքյանը՝ առանձին վերլուծությունները համարելով ներքին քաղաքական օրակարգի մաս։ Ախ–ում հնարավոր զարգացումները Հայաստանի ԱԳՆ–ում նույնպես պատկերացնում են։

 «Այստեղ կարևորն այն է, որ Արցախում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովվի։ Դրա վերաբերյալ է հարցի քննարկումը՝ հումանիտար ճգնաժամը հանգուցալուծելու, միջազգային փաստահավաք առաքելության խնդիրը բարձրացնելու, անվտանգության հարցերը բարձրացնելու վերաբերյալ է քննարկումը և ոչ թե որևէ երկիր որևէ երկրի տարածքը ճանաչելու կամ չճանաչելու, կամ պատրաստակամության մասին»։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ մեկ բանաձևով հնարավոր չէ հարց լուծել, անհրաժեշտ է համակցված գործողությունների ամբողջություն։

 «Ես չգիտեմ, ինչպես կքվեարկեն, այնտեղ կա վետոյի իրավունք, իրապես՝ դա կարող է տեղի ունենալ։ Բայց անգամ, եթե պատկերացնենք, որ ԱԽ–ի բոլոր 5 մշտական անդամները՝ այդ թվում նաև Միացյալ Թագավորությունը, այդ թվում նաև Ռուսաստանը և այլն, մտահոգվել են, թե ինչպես են ԼՂ–ում տառապում մարդիկ և ընդունեն բանաձև, Ադրբեջանը միևնույնն է չի կատարելու այն։ Դա ակնհայտ է, կարծում եմ։ Դա չի նշանակում, որ այդ քայլին պետք չէ գնալ կամ այն որևէ նշանակություն չունի, բայց ակնկալել այս քննարկումից, որ Ադրբեջանը կվախենա բանաձևից և անմիջապես կբացի Լաչինի միջանցքն ու կսկսի մարդասիրական բեռ մատակարարել, կարծում եմ, դա խելամիտ չէ»։

ՄԱԿ–ի ԱԽ արտահերթ նիստին ընդառաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին։ Նրանք կոչ են արել ԱՄՆ մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ ԼՂ շրջափակումը վերացնելու համար, ինչպես նաև կանխել Արցախի բնակչության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի համակարգված գործողությունները։

Նիստից առաջ այս հարցի վերաբերյալ  կարծիք է հայտնել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ Նա վերահաստատել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայով անխափան մատակարարելու իր կոչը։ Ֆրանսիացի դիվանագետը պնդել է, որ Ադրբեջանը հետևի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ ապահովի Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի ընդունած միջանկյալ միջոցների կատարումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն