Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 98-րդ համերգաշրջանը
Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:
Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը:
Փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի հայ մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով` սեպտեմբեր 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին, ով 2024/2025 համերգաշրջանում կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
15-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում աստղային մենակատարների կազմով. GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին կվերադառնա Հայաստան բացառիկ համերգով, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի ‹‹Պարահանդես-դիմակահանդես›› օպերայի համերգային կատարմամբ:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա.Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահները: Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ
Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: