Երևանի ավագանու ընտրություններին ցածր մասնակցությունը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ, մի քանի պատճառ ունի և զարմանալի չէ։ Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ՔՊ-ի վարկանիշն ընկել է, իսկ ընդդիմադիր ուժերն էլ չկարողացան իրենց ասելիքը տեղ հասցնել տեխնոլոգիապես ոչ հարուստ քարոզարշավի պատճառով։ Այդպիսով, ըստ քաղտեխնոլոգի, քաղաքական ուժերը չգտան դեպի սեփական ընտրողները տանող ճանապարհը։

Չնայած քարոզարշավի վրա ծախսված մեծ գումարներին, Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարեց «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էր։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այս անսպասելի արդյունքը բացատրում է քաղաքականության մեջ գոյություն ունեցող մի անբացատրելի երևույթով․

«Առանց բացատրելու մարդիկ, ուղղակի, չեն ուզում։ Ցանկալի մոտեցում չկա, մարդկանց մոտ հակակրանքի նման ինչ-որ մի անբացատրելի բան կար նրա նկատմամբ»։

Եթե «Ապրելու երկիր»-ն այլ առաջին դեմքով ներկայանար, ըստ քաղտեխնոլոգի, անցողիկ շեմն ամենայն հավանականությամբ կհաղթահարեր։ Նա կարծում է, որ այս դեպքում խնդիրը հենց քաղաքապետի թեկնածուն էր։

Միանգամայն հակառակ անբացատրելի երևույթով է քաղտեխնոլոգը պայմանավորում «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին դեմքի պարագան․

 «Հայկ Մարությանին էլ հակառակը՝ եթե Մանե Թանդիլյանի նկատմամբ կա անբացատրելի հակակրանք, Հայկ Մարությանի նկատմամբ կա անբացատրելի համակրանք»։ 

Դա խարիզմա չէ, աուրա էլ չէ, բայց անբացատրելի դրական մի բան է՝ ասում է քաղտեխնոլոգը։ Իսկ ահա մի տարօրինակ հանգամանք էլ գրանցվեց, երբ պարզ դարձավ, որ ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է հանրությանը առավելապես Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը։

Արմեն Բադալյանը դրա բացատրությունն էլ ունի․

 «Մեզ համար տարօրինակ չէր, որովհետև նշել էինք, որ Դոգը փաստացի բավականին մեծ լսարան ունի։ Միակ հարցն այն էր, թե իր լսարանի ո՞ր տոկոսը փաստորեն կվերածվի ընտրողի»։

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, քաղտեխնոլոգի կարծիքով այդ ուժի համար իշխանությունն էլ էր աշխատել՝ ապագայում հնարավոր կոալիցիա ստեղծելու համար։

Ըստ Արմեն Բադալյանի՝ ճիշտ չէ այս ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը համեմատել 2017 և 2018 թթ.-ի ընտրությունների հետ։ 2018-ին կար հեղափոխական էյֆորիա, ինչը ինքնին ուժեղ դրդիչ է կամ խթանիչ, որի ժամանակ մարդկանց գործողությունները շատ ավելի ակտիվ են լինում՝ նկատում է քաղտեխնոլոգը։ Նրա գնահատմամբ՝ այդ առումով մասնակցության այսպիսի տարբերությունը հենց 2018-ի ոգևորվածության արդյունքն էր․

 «2017 թ.-ի հետ էլ չի կարելի համեմատել այն պարզ պատճառով, որովհետև 2017-ի ընտրությունների ժամանակ բավականաչափ, այսպես ասած, ֆինանսական խթանիչ կար։ Այսինքն՝ տասնյակ հազարավոր մարդկանց, ըստ այն ժամանակվա դիտարկումների կամ դիտորդների տվյալների, այդքան մարդկանց՝ տասնյակ հազարավոր մարդկանց փող էին բաժանում և ձայներն առնում էին»։

Ըստ Արմեն Բադալյանի ցածր մասնակցության պատճառներից էր նաև այն, որ թեկնածուների առաջարկած ծրագրերն այնքան էլ գրավիչ չէին ընտրազանգվածի համար։ Նրա կարծիքով, եթե ավելի բովանդակալից լինեին ընտրությունները, գուցե մասնակցությունն էլ ավելի մեծ լիներ։  Ըստ քաղտեխնոլոգի՝ տոկոսային հարաբերակցությամբ ընտրություններին մասնակցելու մասին խոսելը նույնպես ճիշտ չէ, քանի որ այդ դեպքում հաշվի է առնվում ընտրողների ընդհանուր թիվը, մինչդեռ իրական թիվը այլ է․

 «Փաստացի գիտենք, որ Երևանում միգուցե այդքան ընտրող չկա, քանի որ արտագաղթը շատ մեծ է եղել, և շատերն ուղղակի գնացել են, բայց հաշվառումից դուրս չեն եկել։ Ընտրացուցակում կան, բայց իրենք գուցե 10-20 տարի արդեն Երևանում չեն։ Դրա համար թվաքանակներով ասենք՝ 250 հազարը նորմալ է, եթե հաշվի առնենք, որ բավականին ցածր է, այսպես ասենք, ընդհանուր առկա ընտրողների թվաքանակը»։

Սեպտեմբերի 17-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչները եղել են Երևանի 744 ընտրատեղամասերից 467-ում։ 148 տեղամասում նրանք արձանագրել են խախտումներ, որոնք սակայն զանգվածային բնույթ չեն կրել։ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է իրենց դիտարկման արդյունքներն ու եզրակացությունները․

 «Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում էին 14 քաղաքական ուժեր, անցել են մրցակցային պայմաններում։ Գտնում ենք, որ ընտրական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է արժանանան պատշաճ և թափանցիկ քննության։ Կարևոր ենք համարում դիտորդական առաքելության բացահայտումների հրապարակումն ու դրանց պատշաճ քննությունը իրավապահ մարմինների կողմից»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն