«Եթե երեկ Ադրբեջանն այդ հայտարարությունն ընդունել է, հետևաբար այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով  «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներով պետությունների տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարությանը: 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, իսկ մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ որևէ ձևով խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»:

««Խաղաղությունը» ադրբեջանական նարատիվ է, մեր մոտ կա «ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել» խոսույթը, քանի որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ, բացի Հայաստանի կապիտուլյացիայից»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ եթե հայկական կողմը համաձայն չէ դրա հետ, ապա պետք է գործի իր ինքնապաշտպանությունն ապահովելու և արցախցիների ինքնորոշման իրավունքն առաջ տանելու ուղղությամբ, բայց գործող իշխանությունների դեպքում գործընթացները լավ տեղ չեն տանում:

«Ամենալուրջ վտանգն այն է, որ Հայաստանը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի բախման թատերաբեմ: Ցավոք սրտի, այս իշխանությունների ձախողված արտաքին քաղաքականությունը բերել է հենց նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի»,-ասաց Խաչատրյանը և, կարծիք հայտնելով , որ բնակցությունների անցկացման վայրի հարցը երկրորդական է, հավելեց. «Առաջնային է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված և այն մարդը, որը Հայաստանն է ներկայացնում, արդյոք պաշտպանում է հայկական շահերը: Մինչ այժմ մենք հիմք չունենք պնդելու, որ Հայաստանից բանակցողները Հայաստանի շահերն են պաշտպանում, որովհետև անկախ նրանից, թե բանակցություններն որտեղ են ընդացել, այդ բանակցությունների սեղանին դրվել և ստորագրվել է թուղթ, որը հայկական շահերին չի համպատասխանում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն