Թշնամու գլուխը կարելի է ջարդել, սակայն կա մեկ բայց ու այդ մեկ բայցը ՀՀ իշխանությունն է. Աբրահամյան
«Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել», -ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Նման կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում անհատական ու կոնկրետ սխրագործություններ ու անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը», - նշեց նա:
Աբրահամյանի խոսքով` մեր պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել այն պաճառով, որ Ադրբեջանի հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում:
«Հայաստանը դեռ վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից ու ողբերգություններից հետո, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու ու իրենց վճռական մարտը վարեն` այս անգամ հաղթական ելքով», - ընդգծեց Աբրահամյանը:
Ըստ պատգամավորի` կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց ու այդ մեկ բայցը ՀՀ իշխանությունն է:
«Նրանք ասոցացվում են պարտության հետ», - ասաց նա: