«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանային պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թեհրանում կայացած հանդիպման շրջանակում քննարկված թեմաներին, մասնավորապես՝ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման  հարցին:

«Ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ արդյունքում պետք է պահպանվեն տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:

«Ավելին ասեմ՝ ՀՀ Կառավարությունն այս ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում է դրա առաջմղմամբ, այն է՝ «խաղաղության խաչմերուկը»:

Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ, նաև մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը հենց ՀՀ-ն է:

Անշուշտ, եթե կան երկրներ, իսկ մենք նման դրսևորումներ էլ ենք տեսել, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր կամ ենթաիմաստներ են դնում, այլ կերպ են պատկերացնում, սա ուղղակի տեղի ունենալ չի կարող:

Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում՝ մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- ասաց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն