Նախատեսվում է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը մինչև 2025-ի հունվարի 1-ը ազատել ԱԱՀ-ից
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարացնելու անհրաժեշտությամբ: Ներկայումս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թ. հունվարի 1-ը: Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը»,- օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնելով՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
Նրա խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքի վճարման ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները:
«2022-ին ներմուծման ծավալը կազմել է 2681 միավոր, ինչը 2021-ի համեմատ աճել է մոտ 42.3 տոկոսով, իսկ արդեն 2023-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծումը երրորդ երկրներից քվոտայի շրջանակում կազմել է մոտ 4496 միավոր, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ»,- նշեց Նարեկ Տերյանը:
Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:
Հարկ է նաև նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին:
Միաժամանակ, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների (միջազգային և մասնավոր հատվածի կողմից) և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում: